Համայնքների Ֆինանսիստների Միավորում
համայնքի զարգացման քառամյա ծրագրի  մշակման եվ կառավարման համայնքի զարգացման քառամյա ծրագրի  մշակման եվ կառավարման

Սույն մեթոդաբանությունը նվիրված է տեղական ինքնակառավարման կարևորագույն հարցերից մեկին` Հայաստանի տեղական ինքնակառավարման միավորի (համայնքի) զարգացման ծրագրերի մշակմանը և կառավարմանը: Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգում երկարաժամկետ պլանավորումը լայնորեն չի օգտագործվում, ինչը պայմանավորված է մի շարք պատճառներով: Դրանցից կարևորներն են՝ տեղական ինքնակառավարման ոլորտում տիրող իրավիճակը, համայնքների ֆինանսական ռեսուրսների (բյուջեների) խիստ սահմանափակ լինելը, մեթոդական բացը, մեծ թվով համայնքներում համապատասխան որակյալ կադրերի բացակայությունը և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) անտեղյակությունը ռազմավարական պլանավորման օգուտներից: Ի տարբերություն երկարաժամկետ պլանավորման, միջնաժամկետ զարգացման ծրագրեր կազմվում են Հայաստանի բոլոր համայնքներում, քանի որ դա օրենքի պահանջ է: Սակայն, անհրաժեշտ է նշել, որ շատ համայնքներում այդ ծրագրերի կազմմանը լուրջ ուշադրություն չի դարձվում: Դրանք հիմնականում կրում են ձևական բնույթ, որի պատճառների թվում է նաև դրանց մշակման և կառավարման մեթոդական բացը:

Սույն մեթոդաբանությունը սահմանում է համայնքի զարգացման քառամյա ծրագրի (ՀԶՔԾ) մշակման և կառավարման հիմնական սկզբունքները, մեթոդները, կառուցակարգերն ու ընթացակարգերը, և նպատակաուղղված է համայնքում առկա կարիքների գնահատմանը, հիմնախնդիրների բացահայտմանը, միջնաժամկետ ծրագրերի պլանավորման ու իրականացման միջոցով դրանց լուծմանը և համայնքի զարգացման ապահովմանը:

ՀԶՔԾ-ի մշակման և կառավարման վերաբերյալ որոշ դրույթներ է պարունակում <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքը (ներդիր 1): Ըստ այդ օրենքի, համայնքի ղեկավարը մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում ՀԶՔԾ-ն: ՀԶՔԾ-ի բովանդակային մասով օրենքը պարունակում է մի  քանի դրույթներ: Դրանք են` ծրագիրը պետք է ներառի համայնքի տարածական զարգացումը սահմանող` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման կամ դրանց փոփոխման (լրացման) մասին դրույթներ, շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված նախատեսվող միջոցառումներ, համայնքում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներ, աղետների ռիսկերի կառավարման հիմնական մոտեցումներ և համայնքի կոմունալ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումներ (հոդված 53), համայնքի սեփականություն համարվող շենքերի, շինությունների (հոդված 37 կետ 7.1) ու հողամասերի (հոդված 38 կետ 1.1) օտարման քառամյա ծրագրերը՝ տարեկան կտրվածքով: Այլ պահանջներ ՀԶՔԾ-ի մշակման վերաբերյալ օրենքը չի ներառում: Սա նշանակում է, որ անհրաժեշտ է մշակել մեկ ընդհանուր մեթոդաբանություն, որից կարող են օգտվել ՀՀ բոլոր համայնքները՝ ինքնուրույն կազմելով իրենց զարգացման ծրագրերը: