Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Համայնքների խոշորացում. նոր հնարավորություն տեղական ինքնակառավարման զարգացման համար Համայնքների խոշորացում. նոր հնարավորություն տեղական ինքնակառավարման զարգացման համար

Ցանկացած պետության վարչատարածքային բաժանումն այն հիմքն է, որի վրա կառուցվում է հանրային կառավարման, այդ թվում նաև տեղական ինքնակառավարման համակարգը։ Անցած տարիների փորձը ցույց տվեց, որ Հայաստանի վարչատարածքային առկա բաժանումը թույլ չի տալիս խորացնել ապակենտրոնացումը, ծավալել տեղական ինքնակառավարումը և խոչընդոտում է դրա առաջընթացին։

Հայաստանում մեծ թիվ են կազմում փոքր, ռեսուրսներ և կարողություններ չունեցող համայնքները, որոնք ի վիճակի չեն նվազագույն ծառայություններ մատուցել իրենց բնակիչներին։ Այս իրողությունից ելնելով և նկատի ունենալով, որ տեղական ինքնակառավարման միավորները ստեղծվում են բնակչությանը հանրային ծառայությունների մատուցման համար, անհրաժեշտություն է առաջացել խոշորացնել համայնքները՝ կառավարման ստորին մակարդակում միավորելով բոլոր տեսակի ռեսուրսները։

Համայնքների խոշորացումը նոր հնարավորություններ է բացում տեղական ինքնակառավարման հետագա զարգացման համար։ Այն կնվազեցնի վարչական ծախսերը, կմեծացնի ծառայությունների մատուցման մասշտաբի ընդլայնմամբ պայմանավորված տնտեսումները՝ միաժամանակ կրճատելով ծախսերը և բարելավելով մատուցվող ծառայությունների որակը։

Համայնքների խոշորացումը կմեղմի բնակավայրերի մեկուսացումը, կմիավորի փոշիացած ռեսուրսները և համայնքային հիմնախնդիրների լուծման մեծ ներուժ կձևավորի։ Այն հնարավորություն կտա սոցիալական ենթակառույցներն օգտագործել ավելի արդյունավետ ձևով՝ դրանք մատչելի և հասանելի դարձնելով Հայաստանի բոլոր բնակիչներին՝ անկախ նրանց բնակության վայրից, բարելավել տնտեսական ենթակառուցվածքների վիճակը և խթանել տնտեսական կապերն ու զարգացումը, կանխել արտագաղթը։

Տեղական ինքնակառավարման նոր մոդելը, բազմաբնակավայր համայնքների ձևավորմամբ պայմանավորված, հնարավորություն կստեղծի քաղաքական կուսակցությունների զարգացման համար։ Համայնքի ավագանու ընտրության մեծամասնական ընտրակարգի հետ միասին կկիրառվի նաև համամասնական ընտրակարգը։ Այդպիսով կուսակցությունները կպայքարեն թե կենտրոնական (պետական) և թե տեղական մակարդակում իշխանության գալու համար, որի արդյունքում կձևավորվեն դրանց տեսլականները համայնքի մակարդակում։

Բազմաբնակավայր համայնքի պայմաններում կոլեկտիվ կառավարման զարգացման հնարավորություն է ստեղծվում. համայնքի կազմում ընդգրկված փոքր համայնքներից ընտրված ավագանու անդամները՝ իրենց համայնքների շահերի պաշտպանության համար, «ստիպված կլինեն» կոալիցիա կազմել և հանդես գալ միասնաբար։

Բազմաբնակավայր համայնքը պահանջելու է տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության ապահովման նոր ձևաչափ։ Յուրաքանչյուր բնակավայրում անհրաժեշտություն կառաջանա ձևավորել խորհրդատվական մարմին՝ ընդհանուր ժողովի ձևով կամ ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի, քաղաքացիական հասարակության այլ սուբյեկտների, մասնավոր հատվածի և ակտիվ քաղաքացիների ներկայացուցիչների ընդգրկմամբ, որոնք տեղական իշխանություններին մշտապես կիրազեկեն իրենց բնակավայրերում առկա հիմնախնդիրների մասին։

Այդուհանդերձ, միշտ պետք է հիշել, որ համայնքների խոշորացումը ընդամենը հնարավորություն է տեղական ինքնակառավարման հետագա զարգացման համար և այն պետք է ճիշտ ու հետևողական օգտագործել, որպեսզի չվարկաբեկվի այդ լավ գաղափարը։

 

Դավիթ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահի տեղակալ

ՀաՄաՏեղ ծրագրի տնօրեն