Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Ոչ ոք չի պատրաստվում գյուղերը վերացնել Ոչ ոք չի պատրաստվում գյուղերը վերացնել

Տպավորություններ Թումանյան փնջի մեջ մտնող համայնքների բնակչության հետ հանդիպումից

 

ՀՀ Լոռու մարզի Թումանյան, Քարինջ, Լորուտ, Մարց, Աթան, Շամուտ, Ահնիձոր համայնքները միավորելու նպատակով 2015 թվականի մայիսի 17-ին Կառավարության որոշմամբ այդ համայնքներում նշանակվել է տեղական հանրաքվե:

Համայնքների ֆինանսիստների միավորման փորձագիտական խումբը ապրիլի 8-ին և 9-ին այցելեց Լորուտ, Մարց, Աթան, Շամուտ և Ահնիձոր համայնքներ և հանդիպեց համայնքների բնակչության հետ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել համայնքների խոշորացման էությունը, նպատակը, հնարավորությունները և ռիսկերը: Հանդիպմանը մասնակցում էր հիմնականում համայնքի ակտիվ բնակչությունը (համայնքի ղեկավար, աշխատակազմի անդամներ, դպրոցի տնօրեն և աշխատակիցներ, բնակիչներ):

Բնակչությունը համայնքների խոշորացման վերաբերյալ ուներ բազմաթիվ հարցեր, որոնց փորձեց պատասխաննել փորձագիտական խումբը: Մասնավորապես, բնակչությանը հուզում էր, թե ինչո՞ւ են որպես պիլոտային ընտրվել հատկապես իրենց համայնքները, ինչո՞ւ պետք է համայնքների միավորման արդյունքում նոր ձևավորվող համայնքի անունը լինի Թումանյան և ոչ թե Մոտկոր (նշյալ գյուղական համայնքների բնակիչներն իրենց մոտկորեցի են համարում, քանի որ գյուղերը տեղաբաշխված են Մոտկոր ձորում), ինչո՞ւ է համայնքի կենտրոնը լինելու Թումանյանը, այլ ոչ թե, օրինակ, առավել կենտրոնական դիրք ունեցող Լորուտ բնակավայրը, հաշվի առնվելո՞ւ են, արդյոք, տեղական հանրաքվեների արդյունքները և ինչպե՞ս է կառավարությունը վարվելու, եթե օրինակ, համայնքների մի մասում հանրաքվեի արդյունքները լինեն դրական, իսկ մյուս մասում՝ բացասական, ինչո՞ւ են գյուղական համայնքները միացնում Թումանյան քաղաքային համայնքին (իրենք համարում են, որ այստեղի բնակիչներն ունեն տարբեր մտածողություն), ինչո՞ւ պետք է բնակիչը տեղեկանք վերցնելու նպատակով այդքան ճանապարհ գնա և այլն:

Հուզող հարցերից բացի բնակիչներն ունեին նաև մտավախություններ: Նրանք վախենում էին, որ եղածն էլ կկորցնեն:

— Ա՛յ մարդ, թողեք մեր հաց ու պանիրը ուտենք, մեզ պետք չի ուրիշի խորովածը,- ասում են նրանք:

Վախենում էին նաև, որ հաջորդ քայլով էլ դպրոցները կխոշորացնեն, իսկ հաջորդ քայլով էլ…

-Կարող է մի օր էլ որոշեն ընտանիքները խոշորացնեն,- ասում են բնակիչները:

Վախենում էին, որ խոշորացման արդյունքում բոլոր ռեսուրսները կկենտրոնացվեն համայնքի կենտրոնում, իսկ փոքր գյուղերը կանտեսվեն, իրենց գյուղերն այլևս չեն լինի և այլն:

Հիմնական խնդիրը, սակայն, այն է, որ երկրի սոցիալ-տնտեսական ներկայիս ծանր իրավիճակում բնակչության մեջ հավատն ու վստահությունն է կորել, որ որևէ դրական տեղաշարժ կլինի իրենց կյանքում՝ թե ընդհանրապես և թե, մասնավորապես՝ համայնքների խոշորացման արդյուքնում:

Ինչ վերաբերում է բնակչության վերաբերմունքին, ապա ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ հատուկենտ մարդիկ պատկերացում ունեին խոշորացման էության և ակնկալիքների ու հնարավոր կորուստների մասին: Գերակշիռ մասի կարծիքն ուներ էմոցիոնալ հենք:

Տպավորությունն այնպիսին է, որ բնակչությունը լավ չէր պատկերացնում, թե ինչի համար է ստեղծված գյուղապետարանը, ինչ ծառայություններ պետք է մատուցի համայնքի բնակչությանը և որ այդ ծառայությունների համար վճարում են հենց իրենք, համայնքի բնակիչները: Բնակչությունը նաև լավ չէր պատկերացնում, թե իրենք ինչ կարող են կորցնել համայնքների խոշորացման արդյունքում:

Բնակչության էմոցիոնալ վերաբերմունքին ռացիոնալություն տալու նպատակով փորձագիտական խումբը ներկայացրեց, թե ինչ լիազորություններ են օրենքով վերապահված համայնքի ղեկավարին: Բնակչությանը կոչ արվեց փորձել պատասխանել այն հարցին, թե նշյալ լիազորություններից որոնք են փաստացի իրականացվում և դրանցից որն է համայնքների խոշորացումը վտանգում կորցնել:

 

Աղյուսակ 1. Թումանյան փնջի մեջ մտնող համայնքներում մատուցվող ծառայությունները

esdfgesf

Ներկայացվեցին նաև համայնքների բյուջեների եկամուտներն ու նաև դրանց ծախսման ուղղությունները: Բնակչության համար պարզ դարձավ, որ համայնքների բյուջեների եկամուտները, այդ թվում իրենց կողմից վճարված տեղական հարկերը հիմնականում բավարարում են սահմանափակ թվով աշխատակազմ պահելուն (տես՝ աղյուսակներ 2 և 3):

 

Աղյուսակ 2. Թումանյան փնջի մեջ մտնող համայնքների բյուջեների եկամուտները (2013 թ.)

 

222

Աղյուսակ 3. Թումանյան փնջի մեջ մտնող համայնքների բյուջեների ծախսերը (2013 թ.)

333

Ծանոթություն: Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բաժնում հիմնականում ներկայացվում են համայնքի վարչական ապարատի պահպանման  ծախսերը: Ւնչը նշանակում է, որ Թումանյան փնջի մեջ մտնող համայնքներում համայնքի բյուջեի եկամուտների կեսից ավելին ծախսվում  է համայնքի վարչական ապարատի պահպանության համար:

 

Թումանյանի փնջի մյուս՝ Քարինջ և Թումանյան համայնքներում հանդիպումներն ու քննարկումները տեղի ունեցան ապրիլի 22-ին: Համայնքի ապագա կենտրոնի՝ Թումանյանի բնակչությունն առավել լավատեսորեն էր տրամադրված:

Իսկ ընդհանրապես՝ տպավորությունն այնպիսին է, որ իրավիճակը ներկայացնելու և հնչեցված հարցերին ու մտահոգություններին պատասխանելու արդյունքում բնակչության շրջանում հաջողվեց ձևավորել որոշակի դրական կարծիք և վերաբերմունք համայնքների խոշորացման վերաբերյալ: Բնակիչները, համենայն դեպս, հասկացան, որ «իրենք շարունակելու են ուտել իրենց հաց ու պանիրը» և ոչ ոք չի պատրաստվում իրենց գյուղերը վերացնել: Տեղեկացան, թե ինչ նոր հնարավորություններ կարող է ստեղծել համայնքների խոշորացումը:

 

Քնարիկ ԱՅՎԱԶՈՎԱ