Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Տաթև համայնքը ձևավորման փուլում է Տաթև համայնքը ձևավորման փուլում է

Ապրիլի 16-ից 17-ը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն ու «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպությունը աշխատանքային խումբ էին գործուղել Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջան:

Այստեղ ութ համայնք (Հարժիս, Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Սվարանց, Տանձաթափ և Քաշանի¤ նախապատրաստվում է մայիսի 17-ին անցկացնել հանրաքվե, որի արդյունքների համաձայն կորոշվի՝ կմիավորվե՞ն տվյալ համայնքները, թե՞ կմնան տեղական ինքնակառավարման նույն, մինչև այժմ գործող համակարգում: Միավորման դեպքում համայնքը կանվանակոչվի Տաթև՝ Շինուհայր համայնքային կենտրոնով:
Խմբում ընդգրկված էին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, «Համայնքների ֆինանսիստների միավորման» Հկ վարչության անդամ, ԱՄՆ ՄԶԳ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարման» ծրագրի ավագ փորձագետ Վահրամ Շահբազյանը և համակարգող Աբրահամ Արտաշեսյանը: Ներկա էր նաև Սյունիքի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Սեյրան Ավետիսյանը: Խմբի նպատակն էր տեղերում համայնքների ներկայացուցիչներին ծանոթացնել տեղական ինքնակառավարման նոր համակարգի առավելություններին՝ հիմնված եվրոպական առաջադեմ երկրների փորձի վրա: Ներկայացվում էր յուրաքանչյուր համայնքի 2013 թվականի բյուջեի կատարողականը, փաստվում էին ՏԻՄ-երի կողմից մատուցված հիմնական ծառայությունները:

Զեկուցումներից հետո ծավալվեց բուռն հարց ու պատասխան, որի արդյունքում հստակեցվեցին տվյալ համայնքի առավել կարևոր խնդիրները, որոնց լուծման համար Աշոտ Գիլոյանը խոստացավ զեկուցել համապատասխան մարմիններին և վստահեցրեց համայնքների ներկայացուցիչներին, որ խոշորացման դեպքում այդ խնդիրների լուծումն ավելի իրատեսական կդառնա: Նա դա հիմնավորում էր նրանով, որ համաշխարհային դոնոր կազմակերպությունները արդեն պատրաստ են հանրաքվեի դրական արդյունքի դեպքում գումարներ տրամադրել, որպեսզի յուրաքանչյուր համայնքում լուծվեն մեկ-երկու կարևոր նշանակության խոշոր ծրագրեր: Փորձագետ Վահրամ Շահբազյանը, սկսած Հարժիս համայնքից, ներկայացրեց ութ գյուղերի բյուջեները, որոնք գրեթե իրարից չէին տարբերվում, բացառությամբ Շինուհայր և Հալիձոր համայնքների, որտեղ, բացի համայնքապետարանի աշխատակազմի անդամներին աշխատավարձ վճարելուց, կարողացել են որոշակի ծառայություններ մատուցել բնակչությանը: Մյուս բոլոր համայնքներում, ինչպես ներկայացնում էր բանախոսը, բյուջեի 80-90 տոկոսը ծախսվել է որպես աշխատավարձ: Ճիշտ է, հրապարակված թվերը առաջացնում էին համայնքի ղեկավարների դժգոհությունը, սակայն դրանց հավաստիությունը փաստ էր, և համայնքի ղեկավարներին մնում էր միայն համեստորեն լռել:

Խոշորացվող Տաթև համայնքի կազմում ընդգրկված համայնքների 2013թ. բյուջեների փաստացի եկամուտները

t1

Համայնքների 2013թ. բյուջեների փաստացի ծախսերը

t2

t3

ՏԻՄ-երի կողմից 2013թ. մատուցվող հիմնական ծառայությունները

t4

Հարժիս համայնքում խոշորացման գաղափարը կարծես ավելի վաղ էր օրենքի ուժ ստացել, քան կառավարության՝ հանրաքվեի մասին որոշումը: Այստեղ գյուղապետարանի հսկա շենքը, մեղմ ասած, անմխիթար վիճակում էր, առանց դրոշի, առանց համայնքը խորհրդանշող ցուցանակի: Այնուամենայնիվ, մշակույթի տանը հավաքված հարժիսցիները ներկայացրին իրենց հիմնական խնդիրները՝ միջհամայնքային ճանապարհի անմխիթար վիճակ, ոռոգման ջրի, գազաֆիկացման բացակայություն: Գազատարը հասել է գյուղ, սակայն ներքին ցանցի կառուցման համար անհրաժեշտ է շուրջ 40 միլիոն դրամ: Վահրամ Շահբազյանը նշեց, որ խոշորացման դեպքում համայնքը կունենա 150-ից 200 միլիոն դրամ, որով հնարավոր կլինի մեծ ծրագրեր իրականացնել: Թե՛ այստեղ, թե՛ մյուս համայնքներում մարդկանց հուզում էր աշխատատեղերի կրճատման խնդիրը: Բանախոսները ներկայացրին, որ գյուղապետը կմնա ու կգործի համայնքում, գյուղապետարանի մյուս պաշտոնները կկրճատվեն, սակայն դրանց փոխարեն ավելի կարևոր հաստիքներ կստեղծվեն. օրինակ՝ անասնաբույժի, երաժշտության ուսուցչի, մանկապարտեզում դաստիարակի և այլն: Հատկանշական է, որ բոլոր համայնքներում էլ մարդիկ ի վերջո բացահայտ կողմ էին արտահայտվում խոշորացմանը, միայն թե մտավախություն ունեին, թե խոստումները կմնան անկատար:
Շինուհայրը այս փնջի ամենաբարեկարգ և ամենազարգացած համայնքն է: Համայնքի ղեկավար Սմբատ Երեմյանը տարածաշրջանի համայնքների զարգացման ապագան տեսնում է խոշորացումից հետո: Համայքն ունի ժամանակակից համայնքային կենտրոն, գրադարան, գործող մանկապարտեզ, վերանորոգված դպրոցական շենք, գիշերային լուսավորություն, սակայն համայնքի ղեկավարը դա բավարար չի համարում և վստահեցնում է, որ խոշորացումից հետո մնացած համայնքներն էլ կարճ ժամանակում բարետես կդառնան և շատ հոգսերից կազատվեն: Իսկ Հալիձորի երիտասարդ համայնքապետ Մարատ Գերասիմյանը խոշորացվող համայնքի հեռանկարը տեսնում է զբոսաշրջության զարգացման մեջ: Տարածաշրջանը հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, իսկ նորակառույց ժամանակակից ճոպանուղին կտրուկ ավելացրել է զբոսաշրջիկների հոսքը: Ըստ նրա՝ անցած տարի շուրջ երեք հարյուր հազար զբոսաշրջիկ է այցելել այստեղ, որի արդյունքում արդեն տասնյակ աշխատատեղեր կան գյուղում: Ի դեպ, Շինուհայր, Խոտ և Հալիձոր համայնքներում մարդիկ պատրաստ են խոշորացմանը, նույնիսկ կարծիքներ հնչեցին, որ ուշացրել են: Մնացած 5 համայնքներում կարծիքները սուբեկտիվ են՝ ելնելով վստահության պակասից, իսկ ահա Տաթևում իշխում է խանդը, թե ինչի համար են համայնքը կոչում Տաթև, երբ կենտրոնը պետք է Շինուհայրը լինի: Այդ հարցին հստակ պատասխան տվեց Աշոտ Գիլոյանը: Նա ասաց. «Շինուհայրը աշխարհագրական դիրքով գտնվում է մնացած համայնքների կենտրոնում, իսկ եթե չեք ցանկանում, որ կոչվի Տաթեվի համայնք, ուրեմն եկեք կոչենք Շինուհայրի համայնք»: Իհարկե, բնակիչներին «վախեցրեցե այդ առաջարկը, և նրանք միանշանակ հաստատեցին, որ Տաթև անունը ճիշտ է ընտրված:
Այստեղ էլ խնդիրները կենցաղային են, սոցիալական: Գյուղում եղել է կիսահաղորդիչների արտադրամաս, որը փակվել է: 1988-ից հետո որևէ ներդրում չի եղել, ու արդյունքում դպրոցի, գյուղապետարանի շենքերը անբարեկարգ վիճակում են, նույն վիճակում է մշակույթի տունը: Մարդիկ արտագաղթում են աշխատանք չունենալու պատճառով: Նույն երևույթները բնորոշ են հարևան Սվարանց, Տանձատափ և գրեթե բոլորովին լքված Քաշանի համայնքներին: Սվարանցի դպրոցը կառուցվել է 400 աշակերտի համար, ժամանակին այստեղ հաճախել է մոտ 300 երեխա, այժմ՝ 116: Հաջորդ տարի կայցելի 96 երեխա: «Այստեղ կարող են մարդիկ զբոսաշրջության հաշվին գումար աշխատել, սակայն առկա է խմելու ջրի խնդիրը, բացի այդ չկա կոյուղի, և մարդիկ չեն կարող բավարար կենցաղային պայմաններ ապահովել զբոսաշրջիկների համար», — Ասում է Սվարանցի գյուղապետ Արմեն Բախշյանը:
Տանձատափում նույնպես կարող է զբոսաշրջությունը զարգանալ, սակայն այստեղ էլ, ինչպես փնջի մյուս 5 գյուղերում, ճանապարհ չկա: 84-ամյա Արամայիս Մինասյանն ասում է. «Տանձատափի բնությունը տեղով բարիք է, անտառում ամեն ինչ կա. ամեն տեսակ հատապտուղ, միրգ, բանջարեղեն: Գյուղին մի տրակտոր է անհրաժեշտ, որ կարողանանք վար ու ցանք կատարել»:
Իհարկե, անկեղծ հարց ու պատասխաններով ճշտվեց յուրաքանչյուր համայնքի ամենացավոտ խնդիրը, և ամենակարևորը. մարդիկ վստահեցնում էին, որ դեռևս հավատ են տածում բարեփոխումների նկատմամբ, որ կողմ են խոշորացման գաղափարին, սակայն այդ ծրագրի ձախողման դեպքում վերջնականապես կարող են լքվել իրենց հնամենի գյուղերը:
Մարդիկ այստեղ կարոտ են հաղորդակցման, շփման, ինչպես իրենք են ասում՝ լավ, հուսադրող լուրի: Զայրացած են, ու Տաթևում մի ծերունի 1000 դոլար խոստացավ նրան, ով իրենց մեծամասնականով ընտրված պատգամավորի անունը կասի: Իսկ նման հանդիպումները, որոնք լայն տեղեկատվություն են ապահովում, մանրազնին վերլուծություն տալիս տեղական ինքնակառավարման այսօրվա և ապագայի մասին, առաջին հերթին մարդկանցից վանում են անտեսվածության, արհամարհվածի զգացողությունը և հույս ներշնչում առ ապագա:
Նորայր Գրիգորյան