Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Ծրագիր՝ ի նպաստ համայնք-ՏԻՄ կապի արդյունավետության Ծրագիր՝ ի նպաստ համայնք-ՏԻՄ կապի արդյունավետության

2014 թվականի հոկտեմբերին Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) աջակցությամբ մեկնարկեց «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) հնգամյա ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է Համայնքների ֆինանսիստների միավորումը (ՀՖՄ)՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ միասին:
ՀաՄաՏեղ ծրագիրը տեղական ինքնակառավարման ոլորտում նախատեսված բարեփոխումներին զուգընթաց հանրային լայնածավալ և էֆեկտիվ ներգրավման գործիք է, որի միջոցով քաղաքացիները գիտելիք, հմտություններ և հնարավորություն կստանան ակտիվորեն մասնակցելու իրենց համայնքների կառավարման պլանավորման, իրականացման և վերահսկման գործընթացներին:
Բովանդակային առումով ծրագիրը կարելի է բաժանել չորս հիմնական բաղադրիչի՝ ա) կայունացնել և հզորացնել տեղական ինքնակառավարման համակարգի և ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման ընթացքում քաղաքացիների մասնակցությանը և շահերի ներկայացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կարողությունները, բ) ուժեղացնել քաղաքացիական հասարակության կարողությունները՝ կենտրոնական և տեղական իշխանությունների աշխատանքը և ապակենտրոնացման բարեփոխումների ընթացքը դիտարկելու նպատակով գ) բարձրացնել քաղաքացիների համար ապակենտրոնացման բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվության հասանելիության մակարդակը, դ) բարելավել քաղաքացիական հասարակության գործունեության միջավայրը՝ ապակենտրոնացման բարեփոխումներին մասնակցության համատեքստում:
Աշխարհագրորեն և տիպաբանորեն ծրագրիրը նունպես միատարր չէ և ներառում է համայնքների երկու խումբ: Առաջին խումբն իր մեջ ընդգրկում է 35 քաղաքային և խոշոր գյուղական համայնքներ, իսկ երկրորդը՝ 40 համայնքներ, որոնք ներառված են համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի մեջ: Ընտրված բոլոր համայնքներում նախատեսվում են բազմատեսակ գործողություններ, ներառյալ դասընթացներ համայնքների աշխատակիցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար, մշտադիտարկման և հանրային մասնակցության փոքր ծրագրեր, քառամյա զարգացման ծրագրերի և համայնքային բյուջեների մասնակցային մշակումներ և քննարկումներ, աջակցություն տեղական քաղաքացիական նախաձեռնություններին և այլն:
Անմիջապես համայնքներում գործելուց բացի, ՀաՄաՏեղ ծրագիրը նախատեսում է նաև լայնածավալ աշխատանք Հայաստանի կենտրոնական կառավարման մակարդակում, ինչպես նաև գործողություններ ուղղված հանրային լայն իրազեկմանը: Այս նպատակներին են ծառայելու տեղական ինքնակառավարման օրենսդրական միջավայրի բարելավման նախաձեռնությունները, ԶԼՄ ներկայացուցիչների համար տեղական ինքնակառավարման համակարգի և ապակենտրոնացման վերաբերյալ դասընթացները, հեռուստահաղորդումների պատրաստումը և հեռարձակումը, բարեփոխումների ընթացքի դիտարկումները, հանրային ընկալումների ուսումնասիրությունները և այլն:
Ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնելու նաև տեղական ինքնակառավարման ոլորտում տեղեկատվական համակարգի զարգացմանը: Այս նպատակով բարելավվելու է առկա տեղեկատվական համակարգը, իրականացվելու են էլեկտրոնային կառավարմանը վերաբերող մի շարք նախաձեռնություններ, ինչպես նաև ուսումնասիրվելու է միջազգային փորձը և ադապտացվելու են առավել արդյունավետ գործող տեղեկատվական գործիքները:
Ծրագրի փիլիսոփայության հիմքում ընկած է այն հիփոթեզը, որ տեղական ինքնակառավարման մակարդակը «ամենօրյա» ժողովրդավարության իրականացման կարևորագույն տիրույթն է, որը հսկայական դեր և կարևորություն ունի պետության ընդհանուր զարգացման համար: Ուստի ՀաՄաՏեղ հնգամյա ծրագրի հիմնական նպատակը համայնք-ՏԻՄ կապի արդյունավետության ապահովումն է և համատեղ զարգացման տրամաբանության ձևավորումը:
Միքայել Հովհաննիսյան
ՀաՄաՏեղ ծրագրի կոնսորցիումի համակարգող