Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Տեղական ինքնակառավարումը Հայաստանում (2012թ. եվ 2013թ․), Գիրք 6 Տեղական ինքնակառավարումը Հայաստանում (2012թ. եվ 2013թ․), Գիրք 6

Այս գիրքը նվիրված է Հայաստանում տեղական ինքնակառավարման 2012 և 2013 թվականների բարեփոխումների գնահատմանը, որը կատարվել է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) փորձագետների մշակած մեթոդաբանության հիման վրա: Բարեփոխումների գնահատման համար հիմք են ընդունվել ՀՀ կառավարության ծրագրերի՝ տեղական ինքնակառավարմանը վերաբերող դրույթների կատարումը, տեղական ինքնակառավարման համակարգի վիճակը բնութագրող ցուցանիշները, ՏԻՄ-երի կատարած աշխատանքները և միջազգային կազմակերպություններում Հայաստանի ստանձնած՝ տեղական ինքնակառավարմանը վերաբերող պարտավորությունների կատարումը:

ՀՖՄ-ն մասնակցում և հետևում է Հայաստանում տեղական ինքնակառավարման բարեփոխումների ընթացքին այդ համակարգի ներդրման սկզբից` 1996 թվականից: Անցած տարիների ընթացքում ՀՖՄ-ն հրատարակել է հինգ գիրք, որոնցում տրվել է բարեփոխումների ընթացքի գնահատականը, ինչպես նաև՝ արվել են բարեփոխումների շարունակմանը վերաբերող բազմաթիվ առաջարկություններ: Առաջին՝ «Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում. Քաղաքականության տարբերակներ և ուղիներ» (տնտ. գիտ. թեկնածու Դ. Ս. Թումանյանի խմբագրությամբ) գիրքը հրատարակվել է 2004-ին: Այդ հրատարակությունում տեղ են գտել 1996-ից մինչև 2004 թվականն ընկած ժամանակահատվածի տեղական ինքնակառավարման բարեփոխումների ընթացքը լուսաբանող հոդվածներ:

Երկրորդը՝ «Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2004–2006 թթ.)», գիրք 2 (տնտ. գիտ. թեկնածու Դ. Ս. Թումանյանի խմբագրությամբ) վերնագրով հրատարակվել է 2008-ին: Սա վերաբերում է 2004-2006 թթ. տեղական ինքնակառավարման բարեփոխումների գնահատականին:

Երրորդը` «Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2007 և 2008թթ.)», գիրք 3 (տնտ. գիտ. թեկնածու Դ. Ս. Թումանյանի խմբագրությամբ) վերնագրով հրատարակվել է 2009-ին: 2007 թվականից սկսած ՀՖՄ-ն տեղական ինքնակառավարման բարեփոխումների գնահատումը կատարում և հանրությանն է ներկայացնում զեկույցների ձևով: Դրանք կազմված են նույն ձևաչափով և պարունակում են բարեփոխումների գնահատականներն՝ ըստ տեղական ինքնակառավարման առանձին բնագավառների. վարչատարածքային բաժանում և միջհամայնքային համագործակցություն, համայնքային սեփականություն, ‎ֆինանսներ, ՏԻՄ-երի ընտրություններ և գործունեություն, տեղական ժողովրդավարություն, վարչական կառուցվածքներ և համայնքային ծառայությունների մատուցում:

Չորրորդը` «Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2009 և 2010թթ.)», գիրք 4 (տնտ. գիտ. թեկնածու Դ. Ս. Թումանյանի խմբագրությամբ) վերնագրով հրատարակվել է 2011-ին:

Հինգերրորդը՝ «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում (2011թ.)», գիրք 5 (տնտ. գիտ. թեկնածու Դ. Ս. Թումանյանի խմբագրությամբ) վերնագրով հրատարակվել է 2012-ին:

Այս գիրքը Հայաստանում տեղական ինքնակառավարման բարեփոխումների վերաբերյալ ՀՖՄ-ի վեցերորդ հրատարակությունն է:

Գրքում, բացի Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների ընթացքի լուսաբանումից, տեղ են գտել նաև այդ ոլորտում առկա հիմնախնդիրները և արվել են դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ: