Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Առաջարկություններ ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Առաջարկություններ ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ
  1. Օրենսգրքի 5-րդ բաժնի՝ <Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի ընտրությունները>, 19-րդ գլխի՝ <Ընդհանուր դրույթներ>, 105-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է՝ <Համայնքի ավագանու ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք:>:

Առաջարկություն. Բազմաբնակավայր համայնքի ավագանու ընտրության ժամանակ սահմանել հատուկ ընտրակարգ՝ ապահովելով բազմաբնակավայր համայնքի կազմում ընդգրկված յուրաքանչյուր բնակավայրից ավագանու կազմում ավագանու առնվազն մեկ անդամ ընտրվելու հնարավորություն, եթե այդպիսիք առաջադրվել են։

Հիմնավորում. Հայաստանում ներկայումս իրականացվում է համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր: Այդ ծրագրի ավարտին` մոտակա տարիներին ՀՀ կառավարությունը նախատեսում է խոշորացնել բոլոր մնացած փոքր համայնքները: Արդյունքում կառաջանան բազմաբնակավայր համայնքներ: Մասնակցային ժողովրդավարության իմաստով, կարևոր նշանակություն ունի բնակիչների ուղղակի անմիջական կապը ավագանու՝ իրենց կողմից ընտրված անդամի հետ: Բազմաբնակավայր համայնքնում այս հարցը հնարավոր է լուծել, ապահովելով բազմաբնակավայր համայնքներում յուրաքանչյուր բնակավայրից ավագանու առնվազն մեկ անդամի առկայություն: Բազմաբնակավայր համայնքի կազմում ընդգրկված յուրաքանչյուր բնակավայրից համայնքի ավագանու կազմում ընտրված ավագանու անդամը, որը նաև, որպես տվյալ բնակավայրի բնակիչ, ավելի քաջատեղյակ է բնակավայրի խնդիրներին, հնարավորություն կունենա լավագույնս պաշտպանելու տվյալ բնակավայրի շահերը ավագանու կողմից կայացվող որոշումներում, բնակավայրի սոցիալ-տնտեսական խնդիրները բարձրացնելու և դրանք լուծելու գործում: Օրենսգրքի նախագիծը նմանօրինակ լուծում է նախատեսում Ազգային Ժողովի ընտրություններում, <կուսակցության տարածքային ցուցակներով> ընտրակարգում:

 

  1. Օրենսգրքի 27-րդ գլխի՝ <Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածուների առաջադրումը և գրանցումը> 128 հոդվածի <Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունքը> 1-ին կետով սահմանվում է, որ <Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները>:

Առաջարկություն. Նշված համայնքների ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու հնարավորություն ընձեռել նաև Քաղաքացիական հասարակության հատվածին, տվյալ համայնքում անցկացվող ընտրությանը մասնակցելու համար ձևավորված, «քաղաքացիական նախաձեռնությանը»։ Կարևոր է, որ այդ «նախաձեռնությունները» ձևավորվեն ինքնաբուխ, միայն ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով, համայնքում ընտրական իրավունք ունեցող բնակիչների սահմանված քանակի  ստորագրությունների հավաքման միջոցով։

Հիմնավորում. Այդպիսի հնարավորությունը կմեղմի ՏԻ համակարգի ամբողջական քաղաքականացումը, կակտիվացնի բնակչության անմիջական մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը և կնպաստի կառավարման գործընթացի հրապարակայնությանն ու թափանցիկությանը: Միաժամանակ, կընդլայնվի ՏԻՄ-երի հետ ավելի սերտ համագործակցության և ՏԻՄ-երի որոշումների կայացման վրա դրական ազդեցություն ունենալու հնարավորությունը:

 

  1. Օրենսգրքի 1-ին գլխի <Հիմնական դրույթներ> 5-րդ հոդվածի <Ուղղակի ընտրական իրավունքը> 1-ին կետը սահմանում է <… տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ Երևան, Գյումրի, Վանաձոր համայնքների ղեկավարների, ընտրվում են անմիջականորեն՝ ընտրողների կողմից>:

Առաջարկություն. Թվարկվող ցանկից հանել Գյումրի և Վանաձոր համայնքները:

Հիմնավորում. Գործող ընտրակարգով Գյումրու և Վանաձորի համայնքի ղեկավարները ընտրվում են անմիջականորեն՝ ընտրողների կողմից: Օրենսգրքի նախագծով առաջարկվող փոփոխությունը հետ քայլ է գոյություն ունեցող, ավանդույթ դարձած ժողովրդավարական նորմից: Փոփոխությունը կբերի բնակչության մոտ տեղական ինքնակառավարման  նկատմամբ վստահության ու հավատի կորստի և անտարբերության: Սրա հետ մեկտեղ, հանրության ընտրական իրավունքի իրացման հնարավորությունների քանակական կրճատումը վնասելու է մասնակցային ժողովրդավարությանը, տեղական ժողովրդավարությանը, և նվազեցնելու է հանրային հետաքրքրությունը այդ համայնքների տեղական իշխանության նկատմամբ, ինչի հետևանքով տեղական ինքնակառավարման մարմինները լինելու են նվազ ներկայացուցչական, սրանից բխող հնարավոր ռիսկերով:

  1. Օրենսգրքի 5-րդ բաժնի՝ <Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի ընտրությունները>, 19-րդ գլխի՝ <Ընդհանուր դրույթներ>, 105-րդ հոդվածի 3-րդ կետի 5-6 ենթակետերով սահմանվում է՝ <Համայնքի ավագանին բաղկացած է՝

5) տասնհինգ անդամից` 10 000-ից մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքում.

6) երեսուներեք անդամից` 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում:>:

Առաջարկություն.  5-րդ ենթակետը փոխարինել հետևյալ ենթակետերով՝

5.1) տասներեք անդամից՝ 10 000-ից մինչև 20 000 ընտրող ունեցող համայնքում.

5.2) տասնհինգ անդամից՝ 20 000-ից մինչև 30 000 ընտրող ունեցող համայնքում.

5.3) տասնյոթ անդամից՝ 30 000-ից մինչև 40 000 ընտրող ունեցող համայնքում.

5.4) քսանմեկ անդամից՝ 40 000-ից մինչև 50 000 ընտրող ունեցող համայնքում.

5.5) քսանհինգ անդամից՝ 50 000-ից մինչև 60 000 ընտրող ունեցող համայնքում.

5.6) քսանինը անդամից՝ 60 000-ից մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքում.

Հիմնավորում.

ա.  Վերոնշյալ սանդղակն ավելի արդարացի է արտահայտում 10 000-ից մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքների ընտրողների իրավունքը՝ ձևավորելու իրենց համայնքների  ավագանիների կազմը, իրենց համայնքների բնակչության թվաքանակի համամասնությամբ:

բ. 70 000 ավելի ընտրող ունեցող համայնքներ են Երևանը, Գյումրին և Վանաձորը, որոնց համար նախատեսված է ավագանու ընտրությունների այլ ընտրակարգ: Եթե տեքստում այդ է հաշվի առնված, ապա Երևան համայնքի դեպքում, փաստացի ունենք ավագանու այլ՝ ավելի մեծ թվաքանակ:

 

  1. Առաջարկություն. Համայնքի ղեկավարի թեկնածուի նկատմամբ կիրառել Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասով և 83-րդ հոդվածի 8-րդ կետով ազգային ժողովի պատգամավորության թեկնածուի նկատմամբ կիրառվող, հայերեն լեզվի իմացության և բարձրագույն կրթություն ունենալու պահաջը:

 

  1. Օրենսգրքի նախագծի 129 հոդվածի (Ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը) 3-րդ կետում ասվում է «Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության դիմումին կցվում են՝..», սակայն հետագայում թվարկվող կցելիք փաստաթղթերի ցանկը հավասարաբար վերաբերում է ոչ միայն կուսակցություններին, այլեւ կուսակցություների դաշինքներին:

Առաջարկություն. Վերաձեւակերպել Օրենսգրքի նախագծի 129 հոդվածի (Ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը) 3-րդ կետը այսպես. «Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության կամ դաշինքի դիմումին կցվում են…»:

Հիմնավորում. Առանց այս լրացման մնում է անհայտ, թե կուսակցական դաշինքները ինչ փաստաթղթեր պիտի ներկայացնեն դիմումին կից, եւ չնայած այն հանգամանքին, որ հետագա թվարկման մեջ մի քանի անգամ օգտագործվում է «կուսակցությունների դաշինք» բառակապակցությունը, 3-րդ կետի սահմանումը հակասում է հետագա թվարկման եւ այլ դրույթներին նույնպես:

 

  1. Օրենսգրքի նախագծի 129 հոդվածի (Ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը) 3-րդ կետի («Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության դիմումին կցվում են՝.)» 6)-րդ կետում նշվում է «Երեւանի դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 3 000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը, Գյումրու եւ Վանաձորի դեպքում՝ 2 000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը.»

 

Առաջարկություն. Անհրաժեշտ է նվազեցնել Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում Ավագանու անդամության ընտրական ցուցակ առաջադրելու գրավաչափը այնքան, որ ավելին չլինի, քան Երեւանի համար նախատեսված համանման գրավավճարի 10 տոկոսը, լինի նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով:

Հիմնավորում. Հաշվի առնելով Գյումրի եւ Վանաձոր քաղաքների նկատմամբ քաղաքական ուժերի նվազ քաղաքական հետաքրքրությունը, այս քաղաքների բնակչության համեմատությունը Երեւան քաղաքի նկատմամբ, այս քաղաքների աղքատության անհամեմատ բարձր մակարդակը Երեւան քաղաքի նկատմամբ, նախագծով սահմանված նվազագույն աշխատավարձի 2 000-ապատիկի չափով գրավը լուրջ խոչընդոտի կարող է վերածվել ֆինանսական համեմատաբար սուղ միջոցներով կուսակցությունների եւ դաշինքների նախաձեռնողականության համար: Այս չափի դեպքում մեծ է հավանականությունը, որ միայն շոշափելի միջոցների տիրապետող կուսակցությունները/դաշինքները կկարողանան մասնակցել Գյումրու եւ Վանաձորի ավագանու ընտրություններին: Բացի այդ, արդարացի եւ ողջամիտ կլինի գրավը եւ գրավավճարը օգտագործել ոչ թե որպես ֆիլտրող, կամ բյուջեի համալրման միջոց, այլ որպես հայտի լրջության երաշխիք: Այս տեսանկյունից նույնպես, նպատակահարմար է գրավավճարները սահմանել խորհրդանշական չափերով: Առաջարկվող փոփոխությունը թույլ կտա մասնակիորեն նպաստել Գյումրի եւ Վանաձոր քաղաքների ՏԻՄ-երի ձեւավորմանը բոլոր կուսակցությունների եւ դաշինքների հետաքրքրության աճին եւ մասնակցությանը:

 

  1. Օրենսգրքի նախագծի 136 հոդվածով (Նախընտրական քարոզչությունը Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ) սահմանվում են Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում ավագանու ընտրության քարոզչության պայմանները, սակայն հոդվածի վերնագրից բացի, մեկ այլ տեղում Գյումրի եւ Վանաձոր քաղաքները չեն հիշատակվում, թեպետ հիշատակվում է Երեւան քաղաքը: Այսպիսով, այս երեք քաղաքների ավագանու անդամության թեկնածուների նկատմամբ օրենքով խտրականություն է սահմանվում, մասնավորաբար, Երեւանի ավագանու համար, թեկնածություն առաջադրող կուսակցություններն ու դաշինքները իրավունք են ստանում հարկատուների հաշվին իրենց ծրագրերը եւ գաղափարները ներկայացնել ամբողջ Հայաստանի Հանրապետության բնակչությանը, իսկ Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, ավագանու անդամության համար թեկնածուներ առաջադրող կուսակցություններն ու դաշինքները, այդ իրավունքից զրկվում են եւ միայն վճարովի հիմունքներով իրավունք ունեն քարոզչություն իրականացնել տեղական հեռուստակայանների եւ ռադոիակայնների եթերում, ինչը, հաշվի առնելով նախկին փորձը, միշտ չէ, որ հնարավոր է լինում: Մասնավորաբար, նախկիում տեղական մի շարք հեռարձակող ԶԼՄ-ներ հրաժարվել են վճարովի եթերաժամանակ տրամադրել քարոզարշավների ընթացքում:

Առաջարկություն. Օրենսգրքի նախագծի 136 հոդվածի բոլոր այն հատվածներում, որտեղ հիշատակվում է Երեւան քաղաքը, այդուհետ լրացնել Գյումրի եւ Վանաձոր քաղաքների անվանումները, նախատեսված անվճար եւ վճարովի եթերաժամանակների` Երեւանի համար նախատեսված չափաքանակներին համահավասար չափերով:

Հիմնավորում.  Այսպիսով հնարավոր կլինի վերացնել այն խտրականությունը, որ այստեղ փորձ է արվում ամրագրել օրենքով: Հայաստանի հարկատուների հաշվին աշխատող հանրային հեռարձակողները` հեռուստատեսությունը եւ ռադիոն անհասկանալի պատճառներով ծառայեցվում են միայն մայրաքաղաքին, իսկ համանման ընտրակարգով ավագանի ընտրելու պատրաստվող մյուս երկու քաղաքներին չեն ծառայեցվում: Շատ կարեւոր է, որ ինչպես ամբողջ հայաստանյան հանրությունը հնարավորություն է ունենալու ծանոթանալու Երեւանի ավագանու անդամության համար թեկնածուներ առաջադրած կուսակցությունների եւ դաշինքների թեկնածուներին եւ գաղափարներին, ճիշտ այդպես էլ կարեւոր է, որ ամբողջ հանրությունը կարողանա ծանոթանալու Գյումրի եւ Վանաձոր քաղաքների ավագանու անդամության համար թեկնածուներ առաջադրած կուսակցությունների եւ դաշինքների գաղափարներին:

 

  1. Օրենսգրքի նախագծի 136 հոդվածով (Նախընտրական քարոզչությունը Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ) սահմանվում է որ «…Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն իրավունք ունեն անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 30 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 50 րոպե, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` համապատասխանաբար 15 եւ 25 րոպե: …Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն իրավունք ունեն վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 50 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 80 րոպե, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` համապատասխանաբար 25 եւ 40 րոպե:» Այս ծավալները խիստ սահմանափակ են ընտրողներին նվազագույն հանրային իրազեկում ապահովելու համար` մի կողմից, մյուս կողմից անհասկանալի է, թե ինչու արտահարթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ այդ ծավալները կրճատվում են կրկնակի անգամ:

Առաջարկություն. Վերանայել ընտրական օրենսգրքի նախագծի 136 հոդվածով սահմանված եթերաժամանակի քվոտաները, դրանք եռապատկելով հերթական ընտրությունենրի համար եւ նույն քանակն էլ սահմանել արտահերթ ընտրությունների դեպքում:

Հիմնավորում. Տեղական ընտրություններն ընդհանրապես, իսկ ՀՀ երեք ամենախոշոր քաղաքներում Ավագանու ընտրությունները ՀՀ ԱԺ ընտրություններից հետո կարեւորագույնն են լինելու մեզանում, դրանք շոշափելու են ՀՀ բնակչության գրեթե կեսի շահերը եւ հարկ է, որ բավարար իրազեկում լինի այդ քաղաքների կառավարման հայտ ներկայացնող քաղաքական ուժերի մասին: Նախատեսված եթերային ժամածավալները հանրային պատշաճ իրազեկում իրականացնելու համար անբավարար են: Բացի այդ Հանրային հեռուստատեսության եւ հանրային ռադիոյի առաքելությունը հանրությանը ծառայելն է եւ հինգ տարին մեկ անգամ պատահող այս ընտրություններում այն պիտի ծանրաբեռնվի ավելի մեծ աշխատանքով, քան սովորաբար է ծանրաբեռնվել եւ քան, թե այս նախագծով է նախատեսվում: Այս լրացուցիչ ծանրաբեռնումը, մի կողմից կավելացնի հանրության հետաքրքրությունը տեղական ընտրությունների նկատմամբ, ավելի կբարձրացնի այս ԶԼՄ-ների վարկը հանրային ընկալման մեջ, նաեւ կարդարացնի այն միջոցները, որոնք ծախսվում են այս ԶԼՄ-ների կողմից:

 

  1. Օրենսգրքի նախագծի 139 հոդվածի (Քվեարկության եւ ընտրության արդյունքների ամփոփումը) 3-րդ կետով սահմանվում է, որ Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում ավագանու ընտրության քվեարկության արդյունքները ամփոփելիս.«…Ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջեւ, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Առաջարկություն. Վերանայել վերոհիշյալ տոկոսները, համապատասխանաբար դրանք սահմանելով կուսակցությունների դեպքում` առնվազն 5 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` առնվազն 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Հիմնավորում. Տեղական ինքնակառավարմանը առավել մասնակցայնություն ապահովելը նպաստելու է տեղական ժողովրդավարության զարգացմանը եւ կուսակցությունների համար ավագանու ընտրություններում 5 տոկոս, իսկ դաշինքների համար 7 տոկոս շեմ սահմանելը, համապատասխանաբար 6-ի եւ 8-ի փոխարեն, հնարավորություն կտա ավելի շատ կուսակցությունների եւ դաշինքների տեղական ինքնակառավարման մեջ ընդգրկվելու համար: Սա կհանգեցնի այդ երեք քաղաքների ավելի որակյալ կառավարման: