Համայնքների Ֆինանսիստների Միավորում
<< N-81 Հայերը Իտալիայում Հայերը Իտալիայում

ՄԶՄԿ – 10.

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (այսուհետ` ՄԶՄԿ կամ Կենտրոն) սկսել է իր գործունեությունը 2000թ. մարտից և այդ ժամանակից ի վեր նվաճել է նախկին խորհրդային և հարավկովկասյան երկրների համանման կազմակերպությունների ցանկում ինքնատիպ և ազդեցիկ վերլուծական կենտրոնի համբավ: Իրադարձություններով հարուստ իր ողջ պատմության ընթացքում Կենտրոնը հավատարմորեն հետևել է իր հիմնական սկզբունքներին և նպատակներին, մասնավորապես` միավորել հասարակական, գիտական, մշակութային և գործարար ոլորտների կարող և առաջադեմ միտքը, հզորացնել ժողովրդավարական մեխանիզմներն ու սերմանել ազատ շուկայական մեխանիզմներ` նպաստ բերելով կովկասյան երկրների տարածաշրջանային համագործակցության և տնտեսական զարգացման ռազմավարությունների մշակման գործընթացին:
Ինչ խնդիր էլ որ դրված լինի` հակամարտության կանխարգելում թե կարողությունների հզորացում, հակածխախոտային արշավների կազմակերպում թե վիրտուալ գյուղատնտեսական շուկայի ստեղծում, ՄԶՄԿ առաքելությունն է` աջակցել քաղաքականության մշակման, որոշումների կայացման գործընթացների բարելավմանը` հետազոտությունների, վերլուծությունների, ուսուցման, վերապատրաստման և խորհրդատվության միջոցներով: Այս առաքելությունն իրագործվում է տնտեսական զարգացման և սոցիալական ապահովության կարևոր խնդիրների վերաբերյալ յուրօրինակ լուծումներ առաջադրելու ճանապարհով, որոնք քաղաքականություն մշակողներին, գիտնականներին և մամուլին հասանելի դարձնելու համար ՄԶՄԿ օգտագործում է բազմազան միջոցներ:

ՄԶՄԿ-ն ձգտում է`

* ուժեղացնել քաղաքացիական հասարակությունը,
* նպաստել տարածաշրջանային ինտեգրմանը և խաղաղության ամրապնդմանը,
* նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը և աղքատության կրճատմանը,
* օժանդակել կառավարման և պետական հատվածի բարեփոխումներին,
* զարգացնել ազատ շուկայական ինստիտուտները,
* ձևավորել տեղական ինքնակառավարման արդյունավետ փորձ,
* բարձրացնել շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ տեղեկացվածությունը,
* բարձրացնել առողջության առաջնային պահպանության խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը,
* խթանել հայկական մշակույթը
ՄԶՄԿ թիմում ընդգրկված են բարձր որակավորում ունեցող վերլուծաբաններ և հետազոտողներ, ովքեր ունեն համապատասխան մասնագիտական կրթություն և աշխատանքային մեծ փորձ` ինչպես պետական կառավարման, այնպես էլ մասնավոր հատվածներում:
Կենտրոնը մշտապես զբաղված է զանազան ծրագրերի և նախաձեռնությունների մշակմամբ և իրականացմամբ : Կենտրոնի կողմից հրապարակվել են բազմաթիվ վերլուծական նյութեր` ՙՏեսակետներ՚, ՙՀամառոտագրեր՚, հոդվածներ, հետազոտություններ, գրքույկներ, բրոշյուրներ և տեղեկատվական թերթիկներ, իրականացվել են բազմաթիվ ուսուցողական ծրագրեր` ինչպես հանրապետությունում, այնպես էլ հանրապետությունից դուրս, որոնց շրջանակներում ամենատարբեր թեմաներով վերապատրաստում են անցել 1000-ից ավելի մասնագետներ, ձեռնարկվել են հասարակության իրազեկման արշավներ, կազմակերպել են հազարից ավելի աշխատանքային հանդիպումներ, միջազգային կոնֆերանսներ և գործարար համաժողովներ:
Ըստ ՙՖրիդմ հաուս՚ կազմակերպության` ՙՀայաստանում գործում են երկու հիմնական վերլուծական կենտրոններ` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնն ու Ազգային և միջազգային ուսումնասիրությունների հայկական կենտրոնը: Դրանցից յուրաքանչյուրը պարբերաբար հրապարակում է իր վերլուծությունները, կազմակերպում կոնֆերանսներ և սեմինարներ, սակայն չկան հստակ հիմքեր, որ այս կառույցներից որևէ մեկը էական ազդեցություն է ունենում պետական քաղաքականության վրա՚:
Անցած տարիների գործունեության վերլուծությունն ակներև է դարձնում ապագային ուղղված մեր նպատակը` ստեղծել հնարավորություններ հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա շոշափելի և անհրաժեշտ ազդեցություն ապահովելու նպատակով, այդպիսով մեր լուման ներդնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման գործում:

ՆՊԱՏԱԿՆԵՐ

Կենտրոնը ձգտում է խթանել սոցիալական գործընթացների զարգացումը, ինչպես նաև գոյություն ունեցող տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ խնդիրների վերաբերյալ այլընտրանքային մոտեցումների և լուծումների շարունակական մշակումը: Հիմնվելով կատարված հետազոտական և վերլուծական աշխատանքների արդյունքների վրա` Կենտրոնը մշակում է համապատասխան առաջարկություններ ինչպես քաղաքականություն կերտողների, այնպես էլ լայն հասարակության համար:
Կենտրոնը ձգտում է իրագործել նպատակներն ու լուծել իր առջև դրված խնդիրները հետևյալ հիմնական միջոցներով`

* հետազոտություններ և զարգացում
* հանրային քաղաքականության ուղղորդում
* վերապատրաստում և կրթություն
* մշակույթի և արվեստի խթանում
* սեմինարների, համաժողովների և ֆորումների կազմակերպում

Հակամարտություններն ու մարդու
իրավունքների պաշտպանությունը
Հարավային Կովկասում

Իրավապաշտպան քարտեզի
սպիտակ բծերը

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի երկրորդ հոդվածն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի մարդու հիմնարար բոլոր իրավունքներն ու ազատությունները` անկախ այն երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, որին պատկանում է անձը: Ապրում է մարդն անկախ երկրում, խնամարկյալ կամ ոչ ինքնավար պետության սահմաններում թե ինքնիշխանության որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորման տարածքում, պիտի օգտվի մարդու հիմնարար բոլոր իրավունքներից: Ուստի պիտի կարողանա օգտվել նաև իրավունքների պաշտպանության միջազգային գործիքներից: Իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում գտնվելու իրավունքը սահմաններ չպետք է ճանաչի: Տրամաբանական է և արդարացի: Մարդը մեղավոր չէ, որ երկիրն ուր ապրում է, ինքնիշխան կամ ճանաչված չէ: Սակայն մի բան է վաթսունամյա փաստաթուղթը, այլ բան` իրականությունը: Իսկ իրականում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) բնակչի որևէ հայց երբևէ չի ընդունվել: ԼՂՀ որևէ կարգավիճակի դեպքում նրա բնակիչը պիտի կարողանար օգտվել իրավապաշտպան միջազգային գործիքներից, ինչից առ այսօր զրկված են: Ըստ էության, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմներից օգտվելու քարտեզում ԼՂՀ-ն այսօր սպիտակ բիծ է:
Անհրաժեշտ է խթանել ԼՂՀ քաղաքացիների կողմից միջազգային իրավապաշտպան կառույցներին դիմելու գործընթացը: Որքան էլ հակասական հնչի, սրան պետք է աջակցեն առաջին հերթին ԼՂՀ իշխանությունները: Հարկ է իրավապաշտպան կառույցներին ներգրավել ԼՂՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության գործին: Երկրագնդի իրավապաշտպան քարտեզի վրա սպիտակ բծեր չպետք է լինեն: Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պիտի կրկին պայքարի իր անվտանգության ու աշխարհի քարտեզում իր տեղի համար: Այս անգամ` աշխարհի իրավապաշտպան քարտեզի վրա:

Անհակադրելիների հակադրումը

Հակամարտություններից տառապող տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները չեն սահմանափակվում միայն միջազգային մեխանիզմների անմատչելիությամբ: Մարդու իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր առանձին կամ համակարգային խնդրի բարձրաձայնումը տարիներ շարունակ համարվել է մարտահրավեր` պետականությանն ու անվտանգությանը: Այսպես, հարևան Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները հաճախ վերածվում են ՙլրտեսական կրքերի՚: Վրաց-օսական, վրաց-աբխազական, այնուհետև նաև ռուս-վրացական չլուծված հակամարտությունների պարագայում վրաց իշխանությունները իրավապաշտպան գործունեությունը վտանգավոր են համարում: Հայաստանում նույնպես նման մոտեցման արձագանքները չեն մարել: Այսպես, ժամանակին ազգային փոքրամասնությունների իրավունքների խնդիրները չէին բարձրաձայնվում հենց ՙ5-րդ շարասյուն՚ պիտակից խուսափելու նկատառումով: Երեք երկրների զինված ուժերում իրավախախտումների դեպքերը նույնպես քննվել են այս լույսի ներքո:
Խնդրի էությունը վերածվում է մի կողմից` մարդու իրավունքների, մյուս կողմից` ազգային անվտանգության եզրույթների հակադրմանը, ինչը սկզբունքորեն անընդունելի է: Չէ որ մեր ժամանակներում պետությունը նախ և առաջ մարդու իրավունքների պաշտպանության գերագույն ազգային ինստիտուտն է: Պետության առաջնային կոչումը մարդու` բոլորի և յուրաքանչյուրի հիմնարար իրավունքների պաշտպանությունն է: Ուրեմն անհնար է, իրավունքների պաշտպանության խնդիրները բարձրաձայնելով, մարտահրավեր նետել այդ խնդիրները լուծելուն կոչված գործիքին:
Հատկանշական է, որ խորհրդային պետության կազմաքանդումն ընթացավ ոչ թե հանուն մարդու իրավունքների պաշտպանության, այլ` առավելապես շնորհիվ ազգային ինքնագիտակցության վերածննդի: Հետևած հակամարտությունները հենց ազգային ինքնորոշման հողի վրա էին, ուստի զարմանալի չէ, որ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները արհեստականորեն հակադրվում էին ազգային շահերին, ինչն ինքնահոսով շարունակվում է նաև այսօր: Մինչդեռ մարդու իրավունքները լավագույնս պաշտպանված են հենց ամուր ազգային պետության մեջ, իսկ ազգային շահերը լավագույնս պաշտպանում է այն հասարակության անհատը, ուր պաշտպանված են նրա իրավունքները:
Այս առումով, կարևորվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂՀ բնակիչների քաղաքացիական կրթության և իրավագիտակցության բարձրացման խնդիրը: Ընդ որում, ԼՂՀ-ում քաղաքացիական կրթության և իրավապաշտպան գործունեության բացերը նախ և առաջ հայաստանյան քաղաքացիական հասարակության կառույցների թերացումներն են: Հայաստանյան իրավապաշտպանները պիտի մեծ թափով լծվեն այս գործին Հայաստանի իշխանությունների ակտիվ աջակցությամբ: Չէ որ արևմտյան իրավապաշտպանները և իշխանությունները սեփական երկրում շատ հաճախ կատաղի ընդդիմախոսներ են, սակայն այլ ժողովուրդներին աջակցելիս գործում են ձեռք-ձեռքի տրված: Հայաստանյան իրավապաշտպանները պետք է ակտիվորեն համագործակցեն նաև ազերի գործընկերների հետ` Ադրբեջանում բնակվող հայերի իրավունքների պաշտպանության խնդրում: Այս առումով անելիք ունեն նաև միջազգային իրավապաշտպան կառույցները: Ժամանակն է, որ հարևան երկրի տարածքում վերանան իրավապաշտպան սպիտակ բծերը:

Իրավունքների սահմանափակումն
ու պաշտպանությունը

Նախորդ դարի 90-ականներին ձևավորվեցին իրավախախտումների, այդ թվում` ընտրական իրավախախտումների մի շարք ինստիտուտներ, որոնք որոշ փոփոխություններով գործում են առ այսօր: Դրանք իրենց ողջ արատավորությունը դրսևորեցին նախ 96-ին, ապա նաև` յուրաքանչյուր հաջորդ ընտրաշրջանում: Ընդ որում, Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային խախտումները պարբերաբար հիմնավորվել և անգամ արդարացվում են չլուծված հակամարտությամբ, և պատերազմական իրավիճակով: Եվ կրկին, նման մոտեցումը ցավալիորեն իրար դեմ է հանում միմյանց բնավ չհակասող մեր կարևորագույն արժեքները. հայրենասիրությունն ու ազատամտությունը, ազգասիրությունն ու իրավապաշտությունը: Այն, որ այս արժեքները իրար չեն հակասում, այլ լրացնում են միմյանց, լավագույնս ապացուցում է պատերազմի անմիջական վտանգի տակ ապրող Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Այստեղ իրավախախտումները բնավ ավելին չեն, քան ՙմայրցամաքային՚ Հայաստանում: ԼՂՀ-ում վիճակը թերևս բարվոք է: Հետպատերազմյան տարիներին այստեղ վերացվեցին նաև իրավաչափ սահմանափակումները:
Հակամարտությունների ժամանակ հաճախ անհրաժեշտ է լինում սահմանափակել քաղաքացիների առանձին իրավունքները: Նման պարագայում ծագում է իրավունքների սահմանափակման համաչափության-իրավաչափության խնդիրը, մասնավորապես` արտակարգ իրավիճակների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը: Սակայն ամենից առավել մտահոգիչ է չսահմանափակված իրավունքների խախտման խնդիրը: Նախորդ դարի 90-ականներին պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի համար տրամաբանական կլիներ առանձին իրավունքների համաչափ սահամանափակումը օրինական` իրավաչափ ճանապարհով: Սակայն այդ չարվեց: Փոխարենը լայն տարածում ստացան չսահմանափակված իրավունքների խախտումները: Թերևս այդ ժամանակաշրջանում էլ հենց հիմք դրվեց իրավունքների հանդեպ հասարակության ներկա` որոշակի ցինիզմով աչքի ընկնող վերաբերմունքին: Մինչդեռ հենց այս վերաբերմունքն է իրավական պետության արմատն ու բունը կրծող որդը:
Լուծումն իրավական պետություն ձևավորելն է` սկսելով առանձին իրավունքներից, բարձրացնելով մարդու իրավունքների պաշտպանությանը կոչված հանրային և հասարակական կառույցների հեղինակությունը, ոչնչացնելով անվստահություն սերմանող ցինիզմի որդը:

Բանակ. ուր պետության ձեռքերն
ամենահաս են ու
ամենապաշտպան

Չլուծված հակամարտությունն ազդեցություն է գործում նաև զինծառայողների իրավունքների պաշտպանության վրա: Խնդիրները չեն բարձրաձայնվում, սակայն չեն էլ վերանում: Խնդրահարույց են բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով իրավախախտումները: Նաև` մահվան ելքով: Եվ սա այն դեպքում, երբ բանակն այն ինստիտուտն է, ուր զինծառայողները պետության բացարձակ հսկողության տակ են: Քաղաքացին արդարացիորեն ակնկալում է, որ իր զավակի իրավունքները պետության բացարձակ հսկողության տակ գտնվող կառույցում պիտի որ ավելի լավ պաշտպանված լինեն, քան հասարակության մեջ ընդհանրապես: Հաճախ լսում ենք. ՙԻնչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ բանակն է՚: Բայց չէ որ հասարակության մեջ պետության դերը սահմանափակ է, իսկ բանակում պետության դերը բացառիկ է ու բացարձակ: Ավելի ճիշտ չէ արդյոք. ՙԻնչպիսին բանակն է, այնպիսին էլ պետության կողմից իրավունքների պաշտպանության մակարդակի առավելագույն չափն է՚: Ըստ էության` բանակում յուրաքանչյուր զոհի համար պատասխանատու է հենց պետության ինստիտուտը: Ի վերջո, բանակը միջավայր է, ուր մարդու առանձին իրավունքները սահմանափակված են օրենքով: Ուրեմն հարյուրապատիկ արդարացի է ակնկալել, որ սահմանափակ իրավունքները չխախտվեն ու սրբորեն պաշտպանվեն:
Պատասխանատվության ողջ բեռը ներկայումս կրում է պետությունը: Մինչդեռ բանակում քաղաքացիական վերահսկողության և մոնիտորինգի ինստիտուտի կայացման պարագայում կձևավորվեր նաև մարդու իրավունքների պաշտպանության գործում հասարակական ինստիտուտների պատասխանատվության խնդիրը: Սակայն նման մոնիտորինգն արդյունավետ իրականացնելու կարող կառույցներ այսօր նույնպես չունենք: Անհրաժեշտ է զարգացնել դրանք:

Մարդկային զարգացման
միջազգային կենտրոն

ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպայի խորհրդի խորհրդաժողով
տեղական և տարածաշրջանային ինքնակառավարման հարցերով պատասխանատու նախարարների

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԵՂԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԱՆԿԱՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ
16-րդ նստաշրջան, Ուտրեխտ, 16-17 Նոյեմբեր 2009

Սույն նյութը թարգմանվել է Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ի կողմից իրականացվող LOGIN-Հայաստան ծրագրի շրջանակներում:
Երևան, հունվար 2010թ.
Թարգմանիչներ` Դավիթ Թումանյան և Աբրահամ Արտաշեսյան

Զեկույց

նորարարության ռազմավարության և
արդյունավետ կառավարման մասին

Նախաբան

Եվրոպական երկրները միացել են Եվրոպայի խորհրդին, նպատակ ունենալով ավելի բարձր աստիճանի միասնության հաստատումը` հանուն ընդհանուր ժառանգություն հանդիսացող այնպիսի գաղափարների և սկզբունքների պահպանման ու իրականացման, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, իրավական պետությունը: Այդ արժեքներն այսօր էլ այնքան արդիական են, ինչպես կես դար առաջ էր: Այնուհանդերձ, քաղաքացիների սպասումներն ավելացել են: Արդյունավետ կառավարումը հենասյուն է դարձել ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավական պետության արժեքների և չափանիշների փաստացի գործածության համար:
Տեղական և տարածաշրջանային ժողովրդավարության ոլորտում, դեռևս իրենց խորհրդաժողովի 14-րդ նստաշրջանում (Բուդապեշտ, 2005), Եվրոպայի խորհրդի անդամ երկրների նախարարները համաձայնել էին ՙմեր անդամ երկրների կողմից հետապնդվող հիմնական խնդիրը արդյունավետ տեղական և տարածաշրջանային ինքնակառավարման մատուցումն է, որպեսզի դիմակայենք մեր հասարակությունների առջև ծառացած մարտահրավերներին և բավարարենք մեր քաղաքացիների օրինական ակնկալիքները՚:
2005 թվականին, Եվրոպայի խորհրդի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներն իրենց 3-րդ գագաթաժողովում` Վարշավայում կայացած հանդիպմանը, հայտարարել են, որ ՙարդյունավետ ժողովրդավարությունը և արդյունավետ կառավարումը բոլոր մակարդակներում կարևոր են կոնֆլիկտների կանխման, կայունության խթանման, տնտեսական և սոցիալական առաջընթացի համար և, հետևապես կայուն համայնքների ստեղծման համար, որտեղ մարդիկ ցանկանում են ապրել և աշխատել, այժմ և ապագայում՚:
Հետևաբար, արդյունավետ կառավարման խթանումը տեղական և տարածաշրջանային մակարդակում դարձել է Եվրոպայի խորհրդի առաջնային նպատակը` ընդհանրապես, և տեղական ու տարածաշրջանային ժողովրդավարության միջկառավարական հատվածում` մասնավորապես: 2007 թվականին, աշխատանքներ էին սկսվել այն սկզբունքների ճանաչման ուղղությամբ, որոնք պետք է բնութագրեին ՙտեղական մակարդակում արդյունավետ ժողովրդավարական կառավարման՚ էությունը, և այն ճանապարհների ու միջոցների ուղղությամբ, որոնց միջոցով այն կդառնա Եվրոպայի տեղական իշխանությունների համար համաձայնեցված նպատակ:
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսն իր աջակցությունն է հայտնել նախարարների խորհրդաժողովին ներկայացված ՙՆորարարության ռազմավարության և արդյունավետ կառավարման՚ հայեցակարգին: Տեղական և տարածաշրջանային ինքնակառավարման համար պատասխանատու Եվրոպական նախարարների հաստատումից հետո (Վալենսիա, 2007թ.), Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն այն ստորագրել է 2008թ. մարտին:

1. Ռազմավարության նպատակը

Ռազմավարության ընդունման հարցի հետ կապված Եվրոպայի խորհրդի ձգտումն է կառավարման որակի բարձրացումը Եվրոպայում` ավելի ու ավելի շատ տեղական իշխանությունների ներգրավելով իրենց քաղաքացիներին ՙարդյունավետ ժողովրդավարական կառավարում ապահովելու՚ գործին, և առաջարկելով նրանց գործնական մեխանիզմ, որը կարող է օգնել դրա իրականացմանը: Դա նշանակում է աջակցել նրանց այնպիսի նպատակաուղղված քաղաքականությունների և գործողությունների ընդունման հարցում, որոնք կապահովեն տեղական իշխանության գործունեությունը մարդու հիմնարար իրավունքներին համապատասխան, համապատասխան ծառայությունների մատուցումը իր քաղաքացիներին, քաղաքացիների սպասումների հանդեպ պատասխանատվությունը և նրանց առջև հաշվետու լինելը: Այլ խոսքով, տեղական իշխանությունը քաղաքացիներին կդիտարկի տեղական ինստիտուտների և գործընթացների կենտրոնում:
Այս արդյունքին հասնելու համար, Ռազմավարությունը տրամադրում է և° արդյունավետ կառավարման ընդգրկուն սահմանումը (արդյունավետ ժողովրդավարական կառավարման 12 սկզբունքները1) և դրա իրականացման մեխանիզմը: Տեղական իշխանություններին առաջարկված է ընդունել Ռազմավարությունը, այսինքն` պաշտոնապես և հրապարակայնորեն պարտավորվել հետևել սկզբունքներին: Սկզբունքներին հետևելը կարող է գնահատվել օբյեկտիվ ուղենիշների հիման վրա, և այն համայնքները, որոնք կգործեն սկզբունքների (սկզբունքների մեծ մասի) համաձայն, կարող են պարգևատրվել նորարարության և արդյունավետ կառավարման Եվրոպական ուղենիշով:
Ռազմավարությունը ղեկավարում է Եվրոպայի խորհրդի շահառուների հարթակը, որ կազմված է Նախարարների կոմիտեից, Խորհրդարանական վեհաժողովից, Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսից, Տեղական և տարածաշրջանային ժողովրդավարության եվրոպական կոմիտեից (CDLR), և INGO-ի համաժողովից: Հարթակը Ռազմավարությունը խթանելու համար ուսումնասիրում է ազգային (տարածաշրջանային) գործողությունների ծրագիրը, հաստատում է Եվրոպական ուղենիշ մրցանակաբաշխության կարգը և համակարգում է շահագրգիռ կողմերի գործողությունները:

II. Ռազմավարության իրագործումը

Վալենսիայում կայացած նախարարների խորհրդաժողովում երեք երկրներ (Բուլղարիա, Նորվեգիա և Իսպանիա) համաձայնվել են ազգային մակարդակում սկսել Ռազմավարության իրագործումը: Դրանից հետո, որոշ այլ երկրներ էլ են (կամ տարածաշրջաններ` առանձին երկրներում, որտեղ տեղական ինքնակառավարման իրավասությունները փոխանցվել են տարածաշրջաններին) միացել դրան: Ներկայումս Ռազմավարությունն իրականացվում է, համազգային կամ տարածաշրջանային հիմքի վրա, Բելգիայում (Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանում, Վալոնիայում), Բուլղարիայում, Իտալիայում, Նորվեգիայում, Ռումինիայում, Ուկրաինայում: Ավստրիայում, Բելգիայում (Ֆլանդերս), Հունգարիայում և Սլովակիայում կենտրոնական իշխանությունները և/կամ տեղական իշխանությունների ասոցիացիաներն իրենց հետաքրքրությունն են հայտնել միանալու Ռազմավարությանը և նախապատրաստական աշխատանքներ են սկսել դրա պաշտոնապես ընդունման կամ մեկնարկի համար: Նիդեռլանդները այժմ ուսումնասիրում է իրագործման տարբերակները: Միևնույն ժամանակ ուսումնասիրում է, օրինակ, թե ինչպես են տեղական ինքնակառավարման ուժեղ կողմերի գնահատման և արդյունավետ կառավարման ազգային ծրագրի կիրառման զարգացումները փոխկապակցվում Ռազմավարության հետ:
Ռազմավարության իրագործումը հիմնվում է տեղական իշխանությունների պարտավորությունների ստանձնման վրա, ովքեր սովորաբար հենվում են իրենց ասոցիացիաների, ինչպես նաև հնարավոր դեպքերում կենտրոնական կառավարման մարմինների աջակցության վրա, որպեսզի ղեկավարեն և օժանդակեն հստակ քաղաքականությունների և մեթոդների ընդունումը 12 սկզբունքներին համապատասխան:
Սկզբնակետ, դա համազգային մակարդակում իրավիճակի գնահատումն է հաշվի առնելով 12 սկզբունքները, որը և բացահայտում է. թե ինչպիսի դժվարություններ գոյություն ունեն, կամ ինչպիսի օրենսդրական կամ այլ փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի համայնքները գործեն սկզբունքներին համապատասխան: Համագործակցությունը կառավարության և ասոցիացիաների միջև կարող է երաշխավորել, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն:
Որոշ երկրներում և տարածաշրջաններում արդեն իրականացվում են ծրագրեր, որոնք ծառայում են նույն նպատակին և խրախուսում են տեղական իշխանություններին ընդունել արդյունավետ քաղաքականություններ և իրականացնել արդյունավետ կառավարում: Այս դեպքերում, Եվրոպական ռազմավարության ընդունումն ավելի հեշտ կլինի: Այնտեղ, որտեղ նմանատիպ համազգային (կամ տարածաշրջանային) ծրագրեր չկան, Ռազմավարությունը հիանալի հնարավորություն է հանդիսանում խթանելու բոլոր տեղական իշխանությունների միացումը (սկսելով փորձնական քաղաքներից կամ երկրի ընտրված տարածքներից) արդյունավետ կառավարման սկզբունքներին:
Մինչ այժմ, Եվրոպայի խորհուրդը խորհրդատվություն է տրամադրել առանձին պետություններին (կամ տարածաշրջաններին), երբ դա պահանջվել է: Եվրոպայի խորհրդի աջակցության և համագործակցության ծրագրերը, ինչպես նաև Տեղական ինքնակառավարման բարեփոխումների փորձագիտական կենտրոնը պետությունների (և տարածաշրջանների) տրամադրության տակ են` դրանց պահանջներին համապատասխան մատուցելու օրենսդրական օժանդակություն, տեղեկատվության փոխանակում և կիրառում, ունակությունների հզորացման ծրագրեր:
Եվրոպական ուղենիշ մրցանակի հանձնման պայմանները սահմանվել են Շահառուների հարթակի կողմից և այն պետք է փորձարկվի այն պետությունների/տարածաշրջանների որոշ համայնքներում, որոնք արդեն ընդունել են Ռազմավարությունը: Առաջին ուղենիշը պետք է շնորհվի 2010 թվականի աշնանը:

III. Գնահատումը և հեռանկարները

Եվրոպայի խորհրդի անդամ երկրների Ռազմավարության սկսելու արձագանքը խրախուսող է: Մասնակից երկրների և տարածաշրջանների թիվն անընդհատ աճում է: Ռազմավարության կիրառումը պահանջում է քայլերի մանրամասն պլանավորում, քաղաքական կամքի և մարդկային ու ֆինանսական ռեսուրսների կենտրոնացում (կենտրոնական և տեղական մակարդակում), որը ժամանակ է պահանջում: Այնուամենայնիվ, միտումը հստակ է: Ֆինանսական ճգնաժամի և տնտեսական անկման պայմաններում, որն ազդում է եվրոպական բոլոր երկրների վրա, ՙարդյունավետ կառավարման՚ արժանիքներին առավել կարևորություն է տրվում: Տեղական իշխանությունները հպարտանում են ՙորակի՚ ուղենիշով պարգևատրման համար: Մարդիկ հակված են տեղափոխվելու և ցանկանում են բնակվել այն համայնքներում, որոնք հարգում են, օրինակ, շրջակա միջավայրի չափանիշները և արդյունավետ կառավարման այլ չափորոշիչներ:
Ռազմավարությունը ներպարփակում է Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքները այն տեսքով, որը դյուրին է հասկանալ և առաջարկում է տեղական մակարդակում դրանց կիրառման համար մոտեցում, որին հետևելը նույնպես դյուրին է (առանձին համայնքների պարտավորությունները, Եվրոպական ուղենիշը): Ռազմավարությունը, հետևաբար, եվրոպական պետությունների տեղական ժողովրդավարության փարոս դառնալու ապագա ունի:
Նախարարները կարող են նշումներ անել Ռազմավարության կիրառման վիճակի վերաբերյալ և, մասնավորապես, կոնկրետ երկրներում (տարածաշրջաններում) ստանձնած պարտավորությունների և իրականացված գործողությունների վերաբերյալ: Մասնակցության ցանկություն ունեցող նախարարները կարող են նաև հայտարարել իրենց երկրի (տարածաշրջանի) միացումը Ռազմավարությանը: Նախարարները համատեղ կարող են հաստատել իրենց քաղաքական պատրաստակամությունը Ռազմավարությանն աջակցելու վերաբերյալ: Նրանք կարող են նաև համաձայնվել վերանայել առաջընթացն իրենց հաջորդ նստաշրջանում:

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Տեղական մակարդակում արդյունավետ ժողովրդավարական կառավարման 12 սկզբունքները

Սկզբունք 1. Ընտրությունների, ներկայացուցչության և մասնակցության արդար իրականացում

* Տեղական ընտրություններն անցկացվում են ազատ և արդար, համաձայն միջազգային չափանիշների և ազգային օրենսդրության, առանց որևէ կեղծիքի:
* Քաղաքացիները հասարակական գործունեության կենտրոնում են, և նրանք հստակ սահմանված ձևերով ընդգրկվում են տեղական մակարդակի հասարակական կյանքում:
* Կանայք և տղամարդիկ որոշումների կայացման գործընթացում, ուղղակի կամ օրինական իրենց շահերը ներկայացնող միջանկյալ մարմինների միջոցով, կարող են ունենալ ձայնի իրավունք: Նման լայն մասնակցությունը հիմնված է ազատ արտահայտվելու, հավաքվելու և միավորվելու իրավունքի վրա:
* Բոլոր ձայները, ներառյալ նրանց ձայները, ովքեր քիչ արտոնյալ են և ամենից շատ խոցելի, որոշում կայացնելիս լսվում և հաշվի են առնվում, ներառյալ ռեսուրսների բաշխումը:
* Մշտապես առկա է անկեղծ ձգտում զուգակցել տարբեր օրինական շահերը, և հասնել համընդհանուր համաձայնության ամբողջ համայնքի լավագույն շահի և դրան հասնելու ճանապարհների վերաբերյալ:
* Որոշումները կայացվում են մեծամասնության կամքի համաձայն, սակայն հարգվում են փոքրամասնության իրավունքներն ու օրինական շահերը:

Սկզբունք 2. Արձագանքելու
պատրաստակամություն

* Խնդիրները, կանոնները, կառուցվածքներն ու ընթացակարգերը հաստատվում են քաղաքացիների օրինական սպասումների և կարիքների համաձայն:
* Հանրային ծառայությունները մատուցվում են, իսկ պահանջներն ու խնդրանքները բավարարվում են ողջամիտ ժամկետներում:

Սկզբունք 3. Տնտեսական և սոցիալական
արդյունավետություն

* Ստացված արդյունքները բավարարում են համաձայնեցված խնդիրներին:
* Առկա ռեսուրսներն օգտագործվում են հնարավորինս լավագույն ձևով:
* Աշխատանքների կատարման կառավարման համակարգերը հնարավորություն են ստեղծում գնահատել և բարձրացնել ծառայությունների տնտեսական և սոցիալական արդյունավետությունը:
* Աուդիտն իրականացվում է կանոնավոր ժամանակահատվածներում` գնահատելու և բարելավելու աշխատանքների կատարումը:

Սկզբունք 4. Հրապարակայնություն
և թափանցիկություն

* Որոշումները կայացվում և կիրառվում են օրենքներին և կանոնակարգերին համապատասխան:
* Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու բոլոր տեսակի տեղեկատվությանը, բացառությամբ հստակ պատճառաբանությամբ օրենքով նախատեսված դեպքերի (ինչպես օրինակ, անձնական գաղտնիքի պաշտպանությունը և գնումների անաչառ ընթացակարգը):
* Որոշումների, քաղաքականության իրականացման և արդյունքների մասին տեղեկատվությունը հասանելի է հանրությանը, այնպես, որ հնարավոր լինի դրան հետևել արդյունավետ ձևով և աջակցել տեղական իշխանության աշխատանքներին:

Սկզբունք 5. Իրավունքի գերակայություն

* Տեղական իշխանությունները հարգում են օրենքը և դատական որոշումները:
* Կանոնները և կանոնակարգերը ընդունվում են օրենքով սահմանված ընթացակարգերի համաձայն և կիրարկվում են անկողմնակալ ձևով:

Սկզբունք 6. Անբասիր վարք

* Հանրային բարիքն առաջնահերթ է անհատների շահերից:
* Ձեռնարկվում են արդյունավետ միջոցներ կանխելու և պայքարելու կոռուպցիայի բոլոր տեսակների դրսևորումների դեմ:
* Շահերի բախումը հրապարակվում է ժամանակին և ներգրավված անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ մասնակցել համապատասխան որոշումների կայացմանը:

Սկզբունք 7. Իրավասություն և կարողություն

* Կառավարում իրականացնողների մասնագիտական հմտությունները շարունակաբար պահպանվում և հզորացվում են, որպեսզի բարելավվեն արդյունքները և ազդեցությունը:
* Հանրային պաշտոնյաները խրախուսվում են շարունակաբար բարելավելու իրենց կատարողականը:
* Գործնական մեթոդներ և ընթացակարգեր են ստեղծվում և օգտագործվում, որպեսզի փոխակերպեն հմտությունները կարողությունների և հասնեն ավելի լավ արդյունքների:

Սկզբունք 8. Նորամուծություն և
փոփոխություններին պատրաստակամություն

* Հիմնախնդիրների նոր և արդյունավետ լուծումներ են փնտրվում և առավելությունը տրվում է ծառայությունների մատուցման արդի մեթոդներին:
* Առկա է պատրաստակամություն փորձարկել նոր ծրագրեր և սովորել ուրիշների փորձից:
* Ստեղծված է փոփոխությունների համար բարենպաստ միջավայր ավելի լավ արդյունքների հասնելու համար:
Սկզբունք 9. Կայունություն և
երկարաժամկետ ուղղվածություն

* Ներկա քաղաքականությունների մեջ հաշվի են առնվում ապագա սերունդների կարիքները:
* Մշտապես հաշվի է առնվում համայնքի կայունությունը: Որոշումներն ուղղվում են բոլոր ծախսերը դարձնել ներքին (տվյալ սերնդի) և ոչ թե փոխանցել հիմնախնդիրներն ու լարվածությունը, լինեն դրանք բնապահպանական, կառուցվածքային, ֆինանսական, տնտեսական կամ սոցիալական, հետագա սերունդներին:
* Առկա է լայն և երկարաժամկետ հեռանկարներ համայնքի ապագայի վերաբերյալ, միաժամանակ գիտակցվում է, թե ինչ է անհրաժեշտ նման զարգացման համար…
* Գիտակցվում են պատմական, մշակութային և սոցիալական բարդությունները, որոնց վրա խարսխվում են այդ հեռանկարները:

Սկզբունք 10. Հստակ ֆինանսական
կառավարում

* Մատուցված ծառայությունների դիմաց սահմանվող վճարները չեն գերազանցում դրանց ծախքերը և զգալիորեն չեն նվազեցնում պահանջարկը, մասնավորապես կարևորություն ունեցող հանրային ծառայությունների դեպքում:
* Նկատվում է խելամտություն Ֆինանսական կառավարման մեջ, ներառյալ պայմանագրերի կնքումը և վարկերի օգտագործումը, ռեսուրսների, եկամուտների և ռեզերվների, ինչպես նաև բացառիկ եկամուտների ծախսումները գնահատելիս:
* Կազմվում են բազմամյա բյուջեներ հանրության հետ խորհրդակցելով:
* Ռիսկերը ճշգրտորեն գնահատվում և կառավարվում են, այդ թվում նաև համախմբված հաշիվների հրապարակմամբ, և հանրային-մասնավոր համագործակցության դեպքում, ռիսկերի ողջամիտ բաժանմամբ:
* Տեղական իշխանությունները մասնակցում են միջհամայնքային համերաշխության միջոցառումներին, բեռի և օգուտի արդար բաժանմանը և ռիսկերի նվազեցմանը (համահարթեցման համակարգ, միջհամայնքային համագործակցություն, ռիսկերի փոխադարձելիություն…)

Սկզբունք 11. Մարդու իրավունքներ,
մշակութային բազմազանություն և
սոցիալական միասնություն

* Տեղական իշխանության ազդեցության շրջանակներում հարգվում, պաշտպանվում և իրագործվում են մարդու իրավունքները, պայքար է մղվում խտրականության բոլոր ձևերի դեմ:
* Մշակութային բազմազանությունը դիտվում է որպես արժեք և շարունակական ջանքեր են գործադրվում երաշխավորելու, որ բոլորը բաժին ունենան համայնքներում, ճանաչելի լինեն և օտարված չզգան:
* Աղքատ շրջանների սոցիալական միասնությունը և ինտեգրումը խթանվում են:
* Կենսական կարևոր ծառայություններին հասանելիությունը պահպանվում է, մասնավորապես բնակչության առավել անապահով շերտերի համար:

Սկզբունք 12. Հաշվետվողականություն

* Կոլեկտիվ և անհատական ձևով բոլոր որոշում կայացնողները պատասխանատու են իրենց որոշումների համար:
* Որոշումները զեկուցվում են, բացատրվում և կարող են բողոքարկվել:
* Անբարեխիղճ վարչարարության և տեղական իշխանությունների քաղաքացիական իրավունքները խախտող գործողությունների դեմ գործում են արդյունավետ դատական պաշտպանության միջոցներ:

ՀԱՎԵԼՎԱԾ 2

Ռազմավարությանը միացած կամ հետաքրքրություն արտահայտած Եվրոպայի խորհրդի անդամ երկրները

* Ավստրիա
* Բելգիա
* Բուլղարիա
* Ֆրանսիա
* Հունգարիա
* Իտալիա
* Նիդեռլանդներ
* Նորվեգիա
* Ռումինիա
* Սլովակիա
* Ուկրաինա

___________________________________
1 Տես հավելվածը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ ՀԱՆՐԱՅԻՆ ՖԻՆԱՆՍՆԵՐ

Հանրային ֆինանսներ
Public Finance

Սույն նյութը թարգմանվել է ՙPublic Finance : Theory and Practice in the Central European Transition, Ed.
By Juraj Nemec and Glen Wright, Bratislava, 1997՚ գրքից,
Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ի կողմից իրականացվող LOGIN-Հայաստան ծրագրի շրջանակներում:

Երևան, հունվար 2010թ.
Թարգմանիչներ` Դավիթ Թումանյան և Աբրահամ Արտաշեսյան

Սկիզբը` նախորդ համարում

ԳԼՈՒԽ 7.
Ոչ հարկային
եկամուտներ

Վճարներ ու տուրքեր
Սահմանումներ և կիրառում

ԶԵԼՋԿՈ ՍԵՎԻՉ

Վճարները դրամական վճարումներ են հանրային կառավարման տվյալ մակարդակի մարմինների կողմից միանվագ մատուցված ծառայությունների համար, որոնք հիմնականում ոչ նյութական բնույթ են կրում, այսինքն` իրենց հանրային պարտականությունների կատարման ընթացքում կառավարման մարմինների և կազմակերպությունների մատուցած ծառայություններն են: Տեսականորեն, բավականին դժվար է սպառողների վճարների և վճարների միջև պարզ տարբերակում կատարելը: Հաճախ, հատկապես ամերիկյան գրականությունում, սպառողների վճարները ներկայացվում են որպես վճարներ (օրինակ` կոնգրեսի փաստաթղթերում): Կարելի է ասել, որ վճարները սահմանված հատուկ վճարումներ են հանրային կառավարման տվյալ մակարդակի մարմնի մատուցած այն ծառայությունների համար, որոնց մատուցումը օրենքի պահանջ է, երբ կառավարման մարմինը գործում է որպես կարգավորող: Ծառայությունները, որոնց համար վճարներ են գանձվում, կարող են իրականացվել առանց քաղաքացիների բարեկեցության վրա ուղղակի ազդեցություն ունենալու:
Վճարները չեն ենթադրում ապրանքների ու ծառայությունների անմիջական իրացում կամ մատուցում, սակայն ներառում են հանրային կառավարման տվյալ մակարդակի մարմինների կողմից տրվող որոշ առավելությունների (արտոնությունների) համար վճարումներ (Mikesell, 1982): Վճարները սպառողների վճարների պես հաճախ կամավոր բնույթ են կրում, սակայն սպառողները համեմատաբար ավելի քիչ են ազատ տվյալ ծառայությունից օգտվելու ընտրություն կատարելու հարցում: Քաղաքացին կարող է չվճարել վարորդական իրավունքի համար, սակայն առանց դրա նա մեքենա վարել չի կարող:
Վճարների չափերը հիմնականում կախված են ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տարբեր ծախսերից: Եթե ծառայության միջոցով հիմնականում խորհրդատվություն է տրամադրվում, ապա շատ ավելի դժվար է սահմանել դրա իրական արժեքը: Այն դեպքում, երբ ծառայությունները, որոնց համար վճարներ են սահմանվում և կազմում են հանրային կառավարման տվյալ մակարդակի մարմինների հիմնական գործունեության մի մասը, հասարակությունը պետք է ընդգրկվի այդ ծառայությունների և մատուցման, և սպառման մեջ: Հաճախ, բարձր վճարների սահմանման նպատակը օգտագործողների վարքագիծը փոխելն է: Օրինակ, սա այն դեպքն է, երբ որոշ դատական հայցերով բարձրագույն դատական ատյան դիմելու համար սահմանվում են բարձր վճարներ: Եթե հանրային կառավարման տվյալ մակարդակի մարմինները վՃարներ են սահմանում հստակորեն գնահատված ծախսերից բարձր, ապա այդ վճարներից ստացված եկամուտն ունենում է ընդհանուր եկամուտների (հարկերի) որոշակի հատկանիշներ:
Վճարները կարող են սահմանվել որպես ընդհանուր արժեքի տոկոսաչափ կամ որպես հաստատուն գումար: Դրանք չեն կարող գանձվել հանրային կառավարման մարմինների բոլոր ծառայությունների համար, այլ` միայն այն ծառայությունների, որոնք նշված են հատուկ իրավական ակտերում: Սովորաբար լինում են դեպքեր, երբ անհատներին ազատում են վճարներից կամ դա կատարում են ծառայության օգտագործման հիման վրա: Անհատներին վճարներից ազատելը կարող է կիրառվել սոցիալական ապահովության տեսանկյունից, օրինակ աղքատության մեջ գտնվող քաղաքացիների համար: Վճարներից այլ ազատումներ կարող են կիրառվել, երբ առկա է ծառայություններն անվճար մատուցելու հանրային շահ: Հարկերը կարող են ներկայացվել կենտրոնական կամ դաշնային կառավարությունների կողմից, ինչպես նաև տեղական իշխանությունների (մարզային, շրջանային, համայնքային): Վճարները կարող են դասակարգվել որպես վարչական և դատական վճարներ: Բացարձակ միապետությունների ժամանակաշրջանում հնարավոր էր, որ պետական ծառայողը վճարներ գանձի, որոնք ոչ թե պետության եկամուտներն էին, այլ` պետական ծառայողինը: Ներկայումս վճարները միշտ պետության եկամուտներն են, առնվազն` օրենքով սահմանված: Վճարները կարող են վճարվել կանխիկ կամ հատուկ վճարային դրոշմանիշներով. Որոշ վճարներ կարող են նախապես գանձվել, մինչդեռ մյուսները գանձվում են ծառայությունները մատուցելիս: Այդ վճարները, որպես եկամուտ, կարող են օգտագործվել ընդհանուր կամ հատուկ նպատակների համար:
Տուրքը կարող է ընկալվել որպես պետության կողմից սահմանվող վճարումներ` մասնավորապես որոշ ապրանքների և գործարքների համար: Դրա օրինակներից են մաքսատուրքը, ակցիզային տուրքը և պետական տուրքը որոշակի փաստաթղթերի ձևակերպման համար: Մաքսատուրքը վճարում է արտահանվող կամ ներմուծվող ապրանքների համար: Այդ տուրքերը կարող են գանձվել ad valorem, այսինքն որպես ապրանքների արժեքի տոկոսադրույք կամ որպես հատուկ տուրք, որը գանձվում է ըստ ապրանքների ծավալի: Ապրանքները, որոնք ենթակա են մաքսատուրքով գանձման, հաստատված են իրավական ակտերով: Հաճախ մաքսային տուրքերը անվանվում են մաքսային սակագներ կամ, պարզապես, սակագներ: Ակցիզային տուրքը երկրի ներսում արտադրվող և սպառվող որոշ ապրանքների համար վճարումներն են: Որոշ երկրներում (օրինակ` Միացյալ Թագավորությունում), ոգելից խմիչքներ վաճառելու թույլտվություն ստանալու համար վճարումը համարվում է ակցիզային տուրք: Պետական տուրքը յուրահատուկ տուրք է (կարելի է ասել հարկ), որով վճարում են օրենքով սահմանված որոշ իրավական փաստաթղթերի համար (Whitworth and Mackenzie, 1956): Պետական տուրքը կարող է ընդունել նաև հաստատագրված տուրքի կամ ad valorem տուրքի ձևը: Առաջին դեպքում, միևնույն չափը պետք է վճարվի սահմանված տեսակի բոլոր փաստաթղթերի համար, մինչդեռ վերջին դեպքում տուրքի չափը փոխվում է ըստ փաստաթղթով կնքված գործարքի արժեքի:
Ծառայության հատուկ տեսակը, որի համար վճար է գանձվում լիցենզիաների (թույլտվությունների) տրամադրումն է: Կառավարությունը կարող է տարատեսակ լիցենզիաներ (թույլտվություններ) տրամադրել եկամուտ ստանալու և կարգավորելու համար: Լիցենզիաների տրամադրման համար վճար գանձելը կարգավորման ինքնարժեքը կրճատելու միջոց է: Լիցենզիաներ կարող են պահանջվել գործարարության, մասնագիտությունների, ամուսնությունների, որսորդության, ձկնորսության և այլնի համար: Երբ կառավարությունը որոշում է կարգավորել ինչ-որ բան, սովորաբար օգտագործում է լիցենզավորման համակարգը: Գործունեության որոշ տեսակներ օրինական ձևով չեն կարող ծավալվել առանց արտոնագրերի: Ֆինանսական տեսանկյունից, մասնագիտական լիցենզիաներն ամենակարևորներն են: Ծխախոտ, ալկոհոլ վաճառելու և շահումով խաղեր կազմակերպելու թույլտվությունները սովորաբար թանկ են, մինչդեռ թույլտվություններ տրամադրելու ծախսերը` բավականին ցածր: Վճարները որևէ իշխանության իրավասություններից դուրս գտնվող անհատներին հարկելու օգտակար միջոցներ են: Այս առումով վճարները, սպառողների վճարների նման, ունեն միևնույն դերը: Որոշ լիցենզիաներ, ինչպիսիք են շինարարության թույլտվությունները, պետք է կապված լինեն համապատասխան հարկերի հետ: Օրինակ, շինարարական թույլտվությունները պետք է կապվեն գույքահարկի հետ, քանի որ շինարարության թույլտվությունը ենթադրում է գնահատման արժեքում սպասվող փոփոխություն, որը գնի մեջ կարտացոլվի կառուցապատման ավարտից հետո: Լիցենզիաները շատ օգտակար են որոշ մասնագիտությունների համար և բյուջեի պլանավորման համար: Եթե տրամադրված լիցենզիաների գրանցումները պատշաճ ձևով են իրականացվում, ապա հարկային մարմինները արտադրության որոշակի ճյուղերում գործող տնտեսավարող սուբյեկտների մասին պետք է ունենան ճշգրիտ տեղեկատվություն: Լիցենզիաները ոչ միայն հսկում են սկսնակ բիզնեսի արդյունավետությունը, այլև տրամադրում են օգտակար տեղեկատվություն կարգավորման համար:
Տուգանքներից ու բռնագանձումներից ստացված եկամուտը նման է վճարներից ստացված եկամտին: Տուգանքները գանձվում են այն անհատներից, որոնք անթույլատրելի արարքներ են գործում կամ երբ չեն կատարում իրենց պարտավորությունները: Բռնագանձումներն այն եկամուտներն են, որոնք պահվում են որպես հանրային ունեցվածքի կորստի փոխհատուցման կամ վնասի ապահովագրության միջոց, ինչպես այս նույն նպատակով պետական պարտատոմսերից կամ արժեթղթերից հավաքագրումներն են, և բոլոր տեսակի տուգանքները` բացառությամբ ուշացված հարկային պարտավորությունները (Hay, 1980): Շատ դժվար է տուգանքներից եկամուտներ կանխատեսել, քանի որ անհնար է կանխատեսել, թե քանի մարդ կխախտի օրենքը, կանտեսի իր պարտականությունները, և այդպես շարունակ: Հաշվապահության տեսանկյունից, տուգանքներն ավելի արագ են ճանաչվում ծախսային մեթոդի դեպքում, թեպետ դրանք կարող են ճանաչվել նաև հաշվեգրման մեթոդի դեպքում (Lorenson, 1980): Հարկային վճարումների ուշացման համար գանձված տուգանքները չեն ընդգրկվում եկամտի այս խմբում, որովհետև դրանք համարվում են հարկային եկամուտների մաս:

Վճարների ու տուրքերի
կարևորությունը

Վճարներ սահմանելիս անհրաժեշտ է միաժամանակ պահպանել երեք պայմաններ: Առաջին, պետք է առանձնացված լինի անհատ կամ անհատների խումբ, որոնք անմիջական օգուտ են ստանում տվյալ ծառայության մատուցումից: Երկրորդ, պետք է հնարավոր ու իրագործելի լինի բացառել ծառայությունից օգտվող այն անհատներին, որոնք չեն վճարել ծառայության դիմաց: Երրորդ, անհատները պետք է իրավունք ունենան որոշելու` օգտվել ծառայությունից թե ոչ (Strachota and Engelbrekt, 1992):
Լավագույն իրավիճակում վճարները ծածկում են առաջացած ծախսերը, սակայն, որպես կանոն, այդպես չի լինում: Վճարները կարող են լինել նաև կարգավորման գործիք: Այս կերպ չափազանց բարձր վճարները կարող են օգտագործվել նվազեցնելու որևէ ծառայության պահանջարկը: Միացյալ Թագավորությունում նման դեպք է գարեջրատան լիցենզիայի տրամադրումը, որտեղ վճարն աճում է` կապված դրա գործելու ժամաքանակից:
Մաքսատուրքերը, որոնք հայտնի են որպես սակագներ, նաև կարող են ընկալվել որպես ակցիզային հարկեր` դրված ներմուծվող ապրանքների վրա (Rosen, 1988):Հարկերը կարող են դրվել ինչպես ներմուծվող, այնպես էլ արտահանվող ապրանքների վրա: Նախկին տարիներին սակագները միակ ամենակարևոր եկամտի աղբյուրն էր ԱՄՆ-ում: Դեռ 1902 թվականին սակագները կազմում էին ԱՄՆ-ի եկամուտների 37 %-ը (Rosen,1988):
Մաքսատուրքերը երբեմն օգտագործվում են որպես արտաքին առևտրի քաղաքականության իրականացման կարևոր գործիք: Թեպետ զարգացող երկրներում մաքսատուրքերը եկամտի աճ ապահովող կարևոր միջոցներն են (Rosen, 1988), սակայն սակագներն, այսօր, հիմնականում արդյունաբերական հովանավորչական քաղաքականության գործիք է: Ինչևիցե, պետբյուջեներում սակագների մասնաբաժինն ավելի բարձր է զարգացող երկրներում` ի տարբերություն զարգացած երկրների: Այդ պատճառով այս երկրներում դժվար է իրականացնել առևտրի ազատականացում, որովհետև անհրաժեշտություն է առաջանում գտնել եկամտի այլընտրանքային աղբյուրներ: Սովորաբար խորհուրդ է տրվում եկամտի գործառույթը տեղափոխել ներքին անուղղակի հարկի վրա (Rajaram, 1992): Քաղաքական տեսանկյունից, սակագների կրճատումը հիմնականում նախատեսվում է իջեցնելու տեղական արտադրության պաշտպանության մակարդակը և կառուցվածքը և նվազեցնելու արտահանումների նկատմամբ համապատասխան շեղումները: Սակագնային բարեփոխումների հետ կապված Համաշխարհային Բանկի առաջարկություններն են. 1) միասնական տուրքի դրույքաչափի սահմանումը` ոչ ավել քան 15 տոկոս, 2) տուրքերից ազատել այն ներմուծվող ապրանքները, որոնք արտահանվող արտադրանքի մաս են կազմում: Ավելացված արժեքի հարկի ներմուծումը սպառման վրա, որը կիրառվում է որպես միասնական հարկ տեղական և ներմուծվող ապրանքների սպառման համար, կարող է նույնպես օգտակար լինել, սակայն անհրաժեշտ է այդ հարկումից ազատել գյուղատնտեսական արտադրանքը (հատկապես աղքատների կողմից սպառվող ոչ շուկայական սնունդը) (Rajaram, 1992): Պերճանքի առարկաների նկատմամբ սակագների փոխարեն անհրաժեշտ է կիրառել ակցիզային հարկեր:
Մաքսատուրքերը, որպես կանոն, դաշնային կառավարությունների բացառիկ եկամուտներն են: Վճարները կուտակվում են հանրային կառավարման բոլոր մակարդակներում: Համայնքները, քաղաքները, շրջանները, դաշնային միավորները կամ դաշնություններն իրենց ծառայությունների համար կարող են վճարներ սահմանել: Շատ հազվադեպ է պատահում, որ վճարները կազմեն եկամտի մեկ տոկոսի կեսից ավելին: Տնտեսական տեսանկյունից, վճարները պետք է ծածկեն միայն փոփոխական ծախսերը, այլ ոչ թե վերադիր կամ հաստատուն ծախսերը: Այսպիսի տեսանկյան պատճառն այն է, որ կառավարությունը, ամեն դեպքում, պահպանում է գործունեության որոշակի մակարդակը, իսկ այդ մակարդակը ֆինանսավորվում է ընդհանուր եկամուտներից:

Վարձավճարների ու տուրքերի
կիրառումը

Կառավարությունները որոշում կայացնելիս պետք է հաշվի առնեն վճարների վարչական և համակարգման հետ կապված հարցերը: Վճարներ կիրառելու համար կառավարությունները պետք է քննարկեն վարչական քիչ ծախսերի հնարավորությունները և արդարացիորեն պարզ հավաքագրման գործընթացները: Բոլոր ուղղակի և անուղղակի ծախսերը պետք է քննարկվեն, որպեսզի այնպիսի վճարներ սահմանվեն, որոնք կծածկեն այդ ծախսերը: Կառավարությունը նաև պետք է գնահատի հանրության վարքագիծը և վճարներ կիրառելու արձագանքը: Հնարավոր է, որ ծառայության մատուցման համար սահմանված վճարները գանձվեն այն պահից սկսած, երբ ծառայությունը հասանելի կդառնա, քանի որ նախկինում պետության կողմից այդ ծառայությունը մատուցվում էր անվճար: Սա է պատճառը, որ յուրաքանչյուր նոր վճար հասարակության կողմից կարող է հակազդեցություն առաջացնել: Հասարակության կողմից նոր վճարների ընդունումը մեծապես կարող է կախված լինել վճարների այն շրջանակից, որի սահմաններում իրենց տարածքում արդեն իսկ օգտագործվում են վճարներ:
Վճարների կիրառումն ունի և ֆիսկալ, և կարգավորիչ ազդեցություն: Կարգավորիչ ազդեցությունները հավանաբար շատ ավելին են: Պետք է ասել, որ որոշակի ձևով գործելու թույլտվությունը կարող է կարգավորվել առանց վճարների օգտագործման: Այնուհանդերձ, կառավարության վճարների միջոցով եկամուտ ձեռք բերելու շարժառիթը կարող է նույնպես ընդունվել: Վճարների հավաքագրման ծախսերը սովորաբար ցածր են, մինչդեռ եկամտի արդյունավետությունը կարող է բավականին բարձր լինել: Քանի որ վճարները բոլոր քաղաքացիների համար հավասար են, դրանք չեն հետևում հարկային հավասարության ՙվճարունակության՚ սկզբունքին:
Զարգացող և անցումային երկրներում տուրքերը կազմում են մի շարք մաքսատուրքերի և պետական տուրքերի համալիր: Ուստի, այդ երկրներում սակագների բարեփոխումը պետք է տանի սակագնային համակարգի պարզեցմանն ու կատարելագործմանը: Բազմաթիվ փաստարկներ կան ի աջակցություն սակագների կիրառմանը, սակայն մաքսատուրքերը պետք է միջազգային մակարդակով իջեցվեն ու համակարգվեն երկկողմանի համաձայնությունների և ԱՄԿ-ի (WTO) միջոցով: Շատ դեպքերում սակագները կարող են արդյունավետ կերպով փոխարինվել համապատասխան ձևով նախատեսված հարկերով, ինչպիսին է ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ):

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

Հայերը Եգիպտոսում

Հայ գաղթավայրերի պատմության մեջ ուրույն տեղ է գրավում Եգիպտոսի հայ համայնքի պատմությունը, որն սկիզբ է առնում անհիշելի ժամանակներից: Դեռևս հին Եգիպտոսը որոշ կապեր է ունեցել Հայկական լեռնաշխարհում գոյատևած պետական միավորումների հետ: Հայտնի է, որ հայկական Մեծամոր հնավայրում գտնվել է հին եգիպտական հիերոգլիֆներով արձանագրություն:
Հայերի զանգվածային ներկայությունը Եգիպտոսում սկիզբ է առել արաբական նվաճումներից հետո: Արաբական Եգիպտոսը հայ մատենագիտության մեջ հայտնի է Մըսըր անունով, որի թագավորը հայոց ՙՍասնա ծռեր՚ էպոսում հանդես է գալիս որպես Հայաստանի թշնամի: 13-14-րդ դարերում Կիլիկյան Հայաստանից Եգիպտոս են տարվել հազարավոր հայեր, որոնցից շատերը որպես մամլուք համալրել են եգիպտական բանակի շարքերը: Պատմությունն ավանդել է մահմեդականություն ընդունած մի շարք միջնադարյան հայազգի գործիչների անուններ (հիմնականում` մահմեդական անուններով, որոնց ավելացել է ալ Արմանի` հայ անունը), որոնցից շատերը նկատելի ավանդ են ունեցել Եգիպտոսի պատմության մեջ: 1073-ին Եգիպտոսի վեզիր է դարձել Բեդր ալ Ջամալի ալ Արմանին, որը խաղաղեցրել է երկիրը, կայունացրել տնտեսությունը, իսկ նրա օրոք բարգավաճել է եգիպտահայ գաղութը: Նա է կառուցել Կահիրեի երեք դարպասները, ինչպես նաև` հայկական եկեղեցիներ: 12-րդ դարում Աբուլ Ղարաթ Թալայի ալ-Արմանին, Աֆդալ Շահնշահ Աբուլ Քասիմը և Ահմեդ բին ալ Աֆդալը եղել են Եգիպտոսի վեզիրներ և ամեն մեկն իր չափով նպաստել է երկրի վերելքին: Աֆդալ Շահնշահը հովանավորել է գիտնականներին, կառուցել պալատներ, աստղադիտարան, ջրանցք: Սակայն այս դարում հատկապես նշանակալից դեմք է եղել վեզիր, ՙԻշխանության թագ՚ պատվանունը կրող Բահրամ ալ Արմանին (Վահրամ Պահլավունի), որը կարճ ժամանակամիջոցում կարգավորել է երկիրը, կառուցել վանքեր: Նա ստեղծել է հայերից բաղկացած 20 հազարանոց բանակ, իսկ երկու հազար հայեր կարևոր պաշտոններ են զբաղեցրել նրա օրոք: Բահրամի եղբայրը` Վասակը (Նեսիք), եղել է Վերին Եգիպտոսի կառավարիչը: 1137-ին նա հրաժարվել է իշխանությունից, որից հետո երկրի վիճակը զգալիորեն վատացել է: 13-րդ դարում Եգիպտոսն ունեցել է անգամ հայ սուլթանուհու` ի դեմս Շաջարեթ էդ Դուրրայի:
Հայ համայնքը չի կորցրել իր առաջատար դիրքերը նմանապես Եգիպտոսի` օսմանյան տիրապետության ժամանակ: Սակայն հայության դերը նշանակալից է մասնավորապես 19-րդ դարի եգիպտական պատմության մեջ: Հատկապես Եգիպտոսի կառավարիչ Մոհամեդ Ալիի (1805-1849) իշխանության ժամանակ երկրում հանդես են եկել մի շարք ականավոր պետական գործիչներ, իսկ նույն ժամանակաշրջանում ստվարացել է եգիպտահայության թիվը, կառուցվել են եկեղեցիներ: Այսպես, Պողոս Յուսուֆյանը եղել է Մոհամեդ Ալիի թարգմանը, խորհրդատուն, քարտուղարը, արտաքին գործերի նախարարը, նշանակալից դեր կատարել եգիպտական նոր պետության կայացման, արդյունաբերության զարգացման, Եգիպտոսի ինքնուրույնությունը պաշտպանելու գործում: 1850-ից Եգիպտոսում պետական պատասխանատու պաշտոններ է վարել ականավոր պետական գործիչ, անկախ Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար փաշա Նուբարյանը, որն ստեղծել է Եգիպտոսի քաղաքացիական, առևտրական, քրեական օրենսգիրքը: Կարևոր պետական այրեր են եղել նաև արտաքին գործերի և առևտրի նախարար Արթին բեյ Չրաքյանը, արտաքին գործերի նախարար Տիգրան Դ’Աբրոն (Ապրոյան): 19-րդ դարում շատ եգիպտահայեր նպաստել են երկրում գյուղատնեսական, կրթական և գիտական կյանքի զարգացմանը: Մանդարինի մշակության հիմնադիրը Եգիպտոսում եղել է գյուղատնտես Յուսուֆ ալ Արմանին, որը 1832-ին Մալթա կղզուց Եգիպտոս է բերել մանդարինի տունկեր և հիմք դրել դրանց մշակությանը: Եգիպտացիները մանդարինը նրա անվամբ կոչել են ՙյուսուֆ էֆենդի՚:
Ինժեներ Հովսեփ Հեքեքյանը 1833-ին Կահիրեում հիմնել է պոլիտեխնիկ դպրոց, եղել Եգիպտոսի կառավարության տեխնիկական խորհրդատու ճանապարհաշինական, կամուրջների և ջրմուղների շինարարության ձեռնարկություններում: Մեծապես օժանդակել է Եգիպտոսում պեղումներ կատարող եվրոպացի հնագետներին: Արթին Յաղուբ փաշան, որը եղել է Եգիպտոսի ակադեմիայի նախագահը, հիմնել է բարձրագույն դպրոցներ, նպաստել գրականության և արվեստի զարգացմանը, բացել Եգիպտոսի առաջին իգական դպրոցը: Ի դեպ, նա եղել է Հայ բարեգործական ընդհանուր միության հիմնադիրներից:
Ինչպես ամենուրեք, եգիպտահայության թիվը նույնպես ստվարացել է Մեծ եղեռնից հետո: Այստեղ են հաստատվել պոլսահայ մի շարք մտավորականներ` գրողներ Երվանդ Օտյանը, Վահան Թեքեյանը, դերասանուհի Սիրանույշը: Բացվել են նոր թերթեր, կազմվել թատերախմբեր, երգչախմբեր: Երգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանն իր արվեստով դարձել է ոչ միայն հայ, այլև արաբական աշխարհում մեծ համբավ վայելող ծաղրանկարիչ:
1927-ին 17 հազարից ավելի հայ է բնակվել Եգիպտոսում, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրանց թիվը հասել է 60 հազարի: Նրանց մի մասը 1940-ականների վերջին հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան, իսկ 1952-ի հեղափոխությունից և հատկապես 1956 թվականից հետո, երբ այսպես կոչված սոցիալիստական օրենքն է սկսել կիրառվել երկրում` հիմնականում մանր և միջին գործարարությամբ զբաղվող հայերը ստիպված են եղել տեղափոխվել Եվրոպա, ԱՄՆ, Կանադա և Ավստրալիա:
Այժմ երբեմնի շեն և բազմամարդ եգիպտահայ համայնքից մնացել է ընդամենը 6000 հայ: Նրանք բնակվում են երկու մեծ քաղաքներում` Կահիրեում և Ալեքսանդրիայում: Այստեղ գործում են հայկական հանրային ակումբներ, մարզական ակումբներ, դպրոցներ, որոնցից ամենից հայտնին 1907-ին հիմնված Գալուստյան վարժարանն է: Շարունակում են լույս տեսնել երեք ավանդական կուսակցությունների պարբերականները` ՙՀուսաբերը՚ (1913-ից), ՙԱրևը՚ (հիմնված 1915-ին) և ՙՋահակիրը՚ (1948-ից): Երաժշտագետ Հայկ Ավագյանը միայնակ հրատարակել է ՙԾիծեռնակ՚ հանդեսը` նվիրված երաժշտությանը, հրատարակել հայ դասական երգահաններից շատերի ստեղծագործություններից:
Բուն եգիպտական միջավայրում են գործել Եգիպտոսի գյուղատնտեսության նախարար Միրիթ Բութրոս Ղալին, լուսանկարիչ Վան Լեոն (Բոյաջյան), երաժշտաստեղծ Ֆուադ ալ Զահեյրին (Կարապետ Փանոսյան), ներկայումս` հնագետ-եգիպտաբաններ Նաիրի Համբիկյանը և Հուրիկ Սուրուզյանը, կինոյի և հեռատեսիլի դերասանուհիներ Իմանը (Լիզ Սարգիսյան), Լեբլեբան (Նունե Քյուփելյան), Նելլին (Գալֆայան), երգչուհի Ռաթլ Ջեյրանը (Երկանյան), պարուհի Հերմինը (Սանոսյան):

ՏԵՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներն արժևորող անհատների:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի առաքելությունն է` տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունն ու խթանումը, խաղաղասիրական ու իրավապաշտպանական գործունեության հզորացումը:

Իրավապաշտպանություն

* Քաղբանտարկյալներ
* Խոշտանգումներ
* Ընտրական իրավունքներ
* Տեղաշարժման ազատություն
* Հավաքների ազատություն
* Թմրամիջոցներ գործածողներ
* Երեխաների իրավունքներ
* Պացիենտի իրավունքներ
* Տարեցների իրավունքներ
* Արդար դատաքննության իրավունք
* Մտքի, խղճի և կրոնի ազատություն
* Ոստիկանություն
* Քրեակատարողական հիմնարկներ
* Սոցիալական իրավունքներ
* Հասարակական քննարկումներ
* Եվրոպայի խորհրդի բանաձևեր և պարտավորություններ
* Տեղեկատվության և խոսքի ազատության իրավունք

Խաղաղասիրություն

* Զինծառայողների իրավունքներ
* Հակամարտություններից տուժածների իրավունքներ
* Հակամարտության խաղաղ կարգավորման աջակցություն
* Հանդուրժողություն
* Զինված ուժեր

Քաղաքացիական նախաձեռնությունների խթանում

* Տեղական ժողովրդավարություն
* Կոռուպցիայի կանխարգելում

Կազմակերպությունը նշված բնագավառներում գործունեությունն իրականացնում է հետևյալ միջոցներով`

* Շահերի պաշտպանություն
* Քաղաքացիական վերահսկողություն
* Հաշվետվություններ
* Մոնիթորինգ
* Մամլո հաղորդագրություն
* Հայտարարություններ
* Հասարակական քննարկումներ

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

Հայերը Իտալիայում

Իտալիայում չի եղել և այժմ էլ չկա հայկական հոծ բնակչություն: Սակայն հայերի ներկայությունն Իտալիայում այնքան հին և բազմաբնույթ է, այնքան շատ են հետաքրքիր, գունագեղ իտալահայերը և խոսուն` հայ-իտալական պատմական ու մշակութային կապերը, որ, թվում է, Ֆրանսիայից հետո Իտալիան է հայերի համար երկրորդ ամենամեծ գրավչությունն ունեցող եվրոպական երկիրը: Այդ հարցում իրենց դերն ունեն Իտալիայի գեղատեսիլ բնաշխարհը, հարուստ պատմական անցյալը և մշակույթը, ինչպես նաև երկու ժողովուրդների` իտալացիների և հայերի միջև առկա կապերը և խառնվածքի առանձնահատկությունները: Բավական է ասել, որ առաջին հայերեն գիրքը տպագրվել է Իտալիայում (1512-ին, Վենետիկում` Հակոբ Մեղապարտի կողմից), 18-րդ դարից մինչ օրս այնտեղ է գործում հայ գիտության մեծագույն կենտրոններից մեկը` Վենետիկի Մխիթարյան միաբանությունը, որը շարունակում է 1843-ից անընդմեջ հրատարակել Եվրոպայի, ինչպես նաև հայերեն լեզվով լույս տեսնող հնագույն պարբերականը` ՙԲազմավեպը՚, վերջապես Վենետիկում է շուտով քառորդ դար կլինի, որ ՙՊո-Արաքս՚ մշակութային միության կողմից կազմակերպվում են հայոց լեզվի և մշակույթի ամառային դասընթացներ` աշխարհի տարբեր կողմերից եկող հայերի և օտարազգիների համար…
Իտալիայում հայերի ներկայությունը սկսվել է տակավին հին Հռոմի ժամանակներից: Հայաստան աշխարհի հետ ռազմական և դիվանագիտական հարաբերություններ ունեցած Հռոմեական կայսրությունում եղել են հայորդիներ, որոնցից հիշվում են մ. թ. ա. 1-ին դարի նշանավոր հռետոր Տիրանիոնը (Տիրան), որը կարգավորել է փիլիսոփա Կիկերոնի գրադարանը, Հռոմում դասավանդել քերականություն և ճարտասանություն, ստեղծել սղագրական համակարգ (տիրանյան նշաններ), ինչպես նաև խեցեգործ վարպետ Տիգրանեսը (Տիգրան), որը եղել է ՙՊերենիուս՚ բրուտագործական դրոշմի հիմնադիրը: Իսկ 4-րդ դարում Հռոմում կանգնեցվել է հայ հռետոր Պարույր Հայկազնի (Պրոերեսիոս) արձանը` ՙՔաղաքների թագուհի Հռոմից` ճարտասանության թագավորին՚ մակագրությամբ:
Մ. թ. 6-րդ դարում Բյուզանդիայի Հուստինիանոս կայսեր զորավար Նարսես Պատրիկը բյուզանդական զորքի գլուխն անցած նվաճել է Իտալիան և դարձել նրա եպարքոսը (փոխարքան): Նա 555 թ.-ին նշանակվել է Իտալիայի կառավարիչ: Ավանդաբար համարվում է Միլան քաղաքի հիմնադիրը: Վերականգնել և բարեկարգել է Հռոմը, Ռավեննան, կառուցել վանքեր Միլանում և Վենետիկում: Նրանից մեկ դար անց Իտալիայի եպարքոս է դարձել Իսահակ Հայկազունը (Իզաչո), որը Իտալիայի Ռավեննա քաղաքն է եկել բյուզանդական բանակի հայկական զորամասերով, հետագայում կառուցել Տորչելլո կղզու բազիլիկը: Վաղ միջնադարում Իտալիա են հասել նաև հետագայում կաթոլիկ եկեղեցու կողմից սրբացված հայ հոգևորականներ, այդ թվում Մինասը (Մինյատո), որի անունով եկեղեցի գոյություն ունի Ֆլորենցիայում: Միջնադարյան Իտալիան առևտրական կապեր է ունեցել Կիլիկյան Հայաստանի, Ղրիմի հայ գաղթավայրի հետ: Տարբեր քաղաքներում (Միլան, Նեապոլ, Ռավեննա, Ռիմինի, Պիզա, Ջենովա) Ֆլորենցիա) եղել են հայկական թաղամասեր, եկեղեցիներ, ստեղծվել են հայերեն ձեռագրեր, գոյատևել են մի շարք ականավոր հայ ազնվական ընտանիքներ: Նրանցից են Սիցիլիայի Արմենի ընտանիքը, Շահրիմանյանների (Շերիմանյան) մեծահարուստ տոհմը, որն առևտուր է իրականացրել Արևելքի և Իտալիայի միջև (հետագայում նրանց անվանել են ՙիրենց ժամանակի Ռոթշիլդները՚): Միջնադարյան իտալական բժշկության խոշորագույն դեմքերից էր ծագումով նորջուղայեցի վիրաբույժ Ջորջո Բայլիվին (17-րդ դար), որին անվանել են ՙՆոր Հիպոկրատ՚, ՙՀռոմի Հիպոկրատ՚ և նրա մասին գրել, որ նա ՙհեղաշրջել է եվրոպական միտքը՚:
Միջնադարյան իտալական գրականության մեջ հայտնի են երկու հայեր: Առաջինը 16-րդ դարի հեղինակ Քրիստաֆորո Արմենոն էր (Խաչատուր Դավրիժեցի), որը Վենետիկում ծանոթացել էր իտալական գրականությանը և Բոկաչչոյի ՙԴեկամերոնի՚ ազդեցությամբ գրել ՙՍերենդիպի թագավորի երեք որդիների պանդխտությունը՚ գիրքը: Իսկ երկրորդն է Զաքարիա Շերիմանը (18-րդ դար), ՙԷնրիկո Վանտոնի ճանապարհորդությունը կապիկների և շնագլուխների աշխարհում՚ բազմահատոր վեպի հեղինակը: Հայկական ծագում է վերագրվում նաև 18-րդ դարի վենետիկցի գայթակղիչ, հիշատակագիր Ջակոմո Կազանովային, քանի որ Կազանովա ընտանիքի անդամները վենետիկցիների ծխամատյանում հիշվում են ՙՀայեր՚ խորագրի տակ:
Իտալիան եղել է հայ մշակույթի կենտրոններից մեկը: Դրան հատկապես նպաստել է 1701-ին Մխիթար Աբբահոր կողմից գիտական, գրական, կրթական և մշակութային լայն գործունեություն ծավալած Մխիթարյան կաթոլիկ միաբանությունը: Բավական է նշել, որ Մխիթարյանների Մուրատ-Ռափայելյան հայկական վարժարանում են սովորել հայ մշակույթի այնպիսի խոշոր դեմքեր, ինչպիսիք են բանաստեղծներ Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Դանիել Վարուժանը, դերասան Վահրամ Փափազյանը և այլք:
19-րդ դարում Տրիեստի քաղաքային խորհրդի փոխատենապետ, ապա երկրորդ քաղաքապետ է եղել Ֆրանչիսկո Հերմետը (Հերմետյան), որի արձանը կանգնեցվել է այդ քաղաքում: Տրիեստում է գործել նաև ականավոր քիմիկոս, լուսաքիմիայի հայրը անվանված Լուիջի Ջակոմո Չամիչյանը: 20-րդ դարի սկզբի ականավոր իտալահայերից հիշենք նաև փիլիսոփա Ռաֆայել Պազարճյանին, բանաստեղծներ Վիկտորյա Աղանուր Պոմպիլիին և Հրանտ Նազարյանցին (որպես իտալական քերթության աչքի ընկնող դեմքի նրան մտադիր են եղել ներկայացնել Նոբելյան մրցանակի), լեզվաբան, պատմաբան, գրականագետ, գրող Ջորջո Նուրիջանիին, նկարիչներ Գրիգոր Շիլթյանին, Ջերարդո Օրագյանին, բժիշկ Երվանդ Արսլանին և նրա որդուն` արվեստաբան Վարդ Արսլանին:
1915-ի Հայոց Մեծ եղեռնի հետևանքով Իտալիայում հաստատված հայերի թիվը, թեև շատ էլ մեծ չի եղել, սակայն Բարի քաղաքի մոտ հատուկ հայ որբերի համար հիմնվել է Նոր Արաքս գյուղը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իտալական դիմադրության շարժմանը մասնակցել են մի շարք հայեր: Նրանցից Իտալիայի ազգային հերոսի կոչում են ստացել խորհրդային բանակի երկու հայ զինվոր, երկուսն էլ Գավառ քաղաքից: Մեկը Մկրտիչ Դաշտոյանն էր, մյուսը` Գևորգ Քոլոզյանը (հայտնի Ջորջո Կոլեսո պարտիզանական անունով), որը մարտի ժամանակ մարմնով ծածկել է թշնամու հրակնատը: 1966-ին Իտալիայում կանգնեցվել է նրա հուշարձանը:
20-րդ դարում Իտալիայում գործած հայերից ականավոր են նվագավար, Վիվալդիի շատ ստեղծագործությունների բացահայտող Անջելո Էֆրիկյանը, նրա դուստրը` կինոդերասանուհի Լաուրա Էֆրիկյանը, Կաթոլիկ եկեղեցու գործիչ, կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը եղել է Վատիկանի ազդեցիկ դեմքերից. 1959-ին Հռոմի պապի ընտրության ժամանակ առաջադրվել է նրա թեկնածությունը:
Այսօր Իտալիայում բնակվում է շուրջ երկու հազար հայ` Միլան, Հռոմ, Վենետիկ և այլ քաղաքներում: Շարունակում է գործել Հռոմի Լևոնյան հայ վարժարանը, մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ (Հայ Տունը և Իտալիայի հայոց միությունը Միլանում, Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնը Վենետիկում): Իտալիայի տարբեր քաղաքների համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ կամ դասավանդվում է հայոց լեզու, գործում են հայազգի և իտալացի հայագետներ: Մեր ժամանակներում Իտալիայում հայագիտության զարգացման գործում մեծ է հատկապես Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր, ականավոր հայագետ հայր Լևոն Զեքիյանի դերը: 1967-ից Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի մի շարք իտալացի և հայ գիտնականներ սկսել են հայ ճարտարապետության ուսումնասիրությունը, հրատարակել մատենաշար: Իտալիայում բնակվող ականավոր հայերից հիշենք նաև լուսանկարիչ Բամպակյան եղբայրներին, հայագետ Գաբրիելա Ուլուհոճյանին, ճարտարապետ, նկարիչ Հերման Վահրամյանին, կինոբեմադրիչ Երվանդ Ջանիկյանին, ՙԱրտույտների ագարակը՚ գրքով ճանաչում ձեռք բերած արձակագիր և գրականագետ Անտոնիա Արսլանին, պարուհի և նկարչուհի Մարինա Մավյանին և ուրիշների…

Արծվի Բախչինյան