Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 19.313կմ2

Բնակչություն` 1190

 

Տնային տնտեսությունների թիվը` 403
Գյուղ Ստեփանավանի տարածաշրջանում, Ստեփանավան քաղաքից 8կմ արևելք, մարզկենտրոնից գտնվում է 42կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ագրակ, Ակրակ, Աքրաք, Էգրակ, Էքրեք անվանումները:
Գյուղը տեղադրված է Ձորագետի ձախ ափին, սարահարթում` ծովի մակարդակից 1380մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, տեւական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում:
Գյուղը դեռեւս հիշատակվում է 13-րդ դարում եւ մտել է Գուգարք աշխարհի Տաշիրք գավառի մեջ: Ունի 17-րդ դարում կառուցված եկեղեցի: Ագարակի մոտ գտնվում է համանուն մենաստանը: Շրջակայքում կան շատ հին բնակավայրերի, ս. Աստվածածին եկեղեցու ավերակներ:
Ագարակը 1831 թ-ին ունեցել է 56, 1897 թ-ին` 654, 1914 թ-ին` 999, 1939 թ-ին` 1581, 1959 թ-ին` 1366, 1979 թ-ին` 1273 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2011 թ-ին համայնքի բնակչությունը կազմել է 1190 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48.8%, կանայք` 51.2%: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժամբուլատորիա, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (279հա), խոտհարքերը (197հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր` կազմելով 669հա: Օգտագործվում են նաև որպես վարելահողեր, խոտհարքեր, պտղատու այգիներ, որոնք ունեն փոքր տեսակարար կշիռ: Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Զբաղվում են նաեւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:
Համայնքում գործում են հանքարդյունահանող, վերամշակող, էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկություններ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են մշակույթի տան վերակառուցումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը, դպրոցի մարզադահլիճի կառուցումը: