Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 29կմ2

Բնակչություն` 243

 

alvar.shirak@mta.gov.am
 
Համայնք նախկին Ամասիայի տարածաշրջանում, Ամասիայից 10կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 44կմ հեռավորության վրա: Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Ալվար և Արավետ գյուղերը:
Նախկինում Ալվարն ունեցել է Դյուզքենդ, Դուզքենդ, Տյուզքենտ անվանումները: Ալվար է վերանվանվել 1991 թ-ին:
Համայնքը գտնվում է Եղնախաղի հարավ-արևելյան ստորոտում, մեղմաթեք սարավանդի վրա` ծովի մակարդակից 1980մ բարձրության վրա: Կլիման ցուրտ լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը զով է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են և մերձալպյան մարգագետինները:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-30թթ գաղթել է Արևմտյան Հայաստանի Բասեն գավառից և Կարսի մարզից: Համայնքում հիմնականում բնակվել են ադրբեջանցիներ: 1988-1989թթ հայ-ադրբեջանական հակամարտությանտարիներին տեղի ադրբեջանցիները տեղափոխվել են Ադրբեջանի Հանրապետություն և այստեղ վերաբնակվել են հայ ընտանիքներ: 2001 թ-ի մարդահամարի տվյալներով Արավետը առկա բնակչություն չի ունեցել: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 243 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 31%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 18%: Ունի 36 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 309հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 750, 326, 1232 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունն անասնապահությունն է: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գազաֆիկացումը:
 
Հասցեն` ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Ալվար
 
 
Ինդեքս՝ 2702

հեռ. + 374 094 12 01 30