Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 31.0 կմ2

Բնակչություն` 173

Գյուղ Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 26կմ հարավ-արեւելք, մարզկենտրոնից գտնվում է 52կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ահնազար, Ահնիզար, Ահնիզորավար, Անիզոր, Հայնազար, Հայնիզարավար անվանումները:
Գյուղը տեղադրված է լեռնայի անտառապատ վայրում` ծովի մակարդակից 1500մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, տեւական , ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ:Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում:
Գյուղը հիմնադրվել է Հաղպատի եւ Սանահինի վանքերի կալվածքները լքած գյուղացիների կողմից:
1897 թ-ին գյուղն ունեցել է 133, 1926 թ-ին` 311, 1939 թ-ին` 470, 1959 թ-ին` 364, 1979 թ-ին` 210 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքի բնակչությունը կազմել է 344 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 52%, կանայք` 48%: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: Ահնիձորում է ծնվել գրող Հրանտ Մաթեւոսյանը:
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն խոտհարքերը (317հա),ապա վարելահողերը (70հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր, խոտհարքեր` կազմելով համապատասխանաբար 762 և 99 հեկտար: Գյուղի մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ: Զբաղվում են նաեւ դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: