Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 6.1կմ2

Բնակչություն` 215

Գյուղ Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 9կմ հարավ-արեւմուտք, մարզկենտրոնից գտնվում է 43կմ հեռավորության վրա: Նախկինում մտել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ եւ ունեցել է Իգահատ, Իգոկաթ, Իկհատ, Դանուշավան անվանումները: Այգեհատ է վերանվանվել 1991 թ-ին: Գյուղն իր նախկին Իգահատ եւ հետո Այգեհատ անվանումները իբր ստացել է այն պատճառով, որ շրջակայքում եղած այգիները վերջացել են, հատվել: Տեղադրված է Ալավերդի-Ստեփանավան ավտոմայրուղու վրա::
Գյուղից քիչ հեռու գտնվում է Քոբայրի վանքը:
Գյուղը տեղադրված է Դեբեդ գետի հովտում, բարձրադիր սարավանդում` ծովի մակարդակից 1150մ բարձրության վրա: Կլիման մերձարեւադարձային է, չափավոր շոգ եւ չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Տարեկան թափվում են 500-600մմ մթնոլորտային տեղումներ: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում:
1831 թ-ին գյուղն ունեցել է 88, 1886թ-ին` 337, 1922 թ-ին` 500, 1959 թ-ին` 391, 1970 թ-ին` 366, 1979 թ-ին` 295 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքի բնակչությունը կազմել է 235 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 43%, կանայք` 57%: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 281հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր, վարելահողեր` կազմելով համապատասխանաբար 132 և 58 հեկտար: Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր,սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: