Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 6.7կմ2

Բնակչություն` 392

 

anipemza.shirak@mta.gov.am
 
Գյուղ Անիի նախկին տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 49կմ հեռավորության վրա: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ, 1938 թ-ին դարձել է քաղաքատիպ ավան, 1995 թ-ի վարչատարածքային ռեֆորմից հետո դասվում է Հայաստանի գյուղական բնակավայրերի շարքը:
Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին, հարթավայրում` ծովի մակարդակից 1430մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները: Ունի պեմզայի, տուֆի շահագործվող հանքավայրեր:
Անիպեմզայի մոտ կառուցված 5-րդ դարի հայկական ճարտարապետության լավագույն կոթողներից մեկը` Երերույքի տաճարը, որը կառուցվել է կարմիր տուֆով, ներկայումս կիսավեր է: Մոտակայքում հայտնաբերվել են երկաթի դարի դամբարանադաշտ:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը տարբեր ժամանակներում այստեղ են տեղափոխվել Հայաստանի Թալինի, Անիի, Արթիկի Ախուրյանի շրջաններից: 1831 թ-ին ունեցել է 647, 1873 թ-ին` 2359, 1931 թ-ին` 529, 1959 թ-ին` 1119, 1979 թ-ին` 558 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 392 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51 %: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 32%, աշխատունակներ` 53%, հետաշխատունակներ` 15%: Ունի 38 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:  
Տնտեսության մասնագիտացման ուղղությունը արդյունաբերությունն է: Զարգացած է շինանյութերի արտադրությունը: Արդյունահանվում է պեմզա, կարմիր տուֆ: Ունի պեմզա ջարդող-տեսակավորող, անդեզիտի փոշի արտադրող գործարան:
Հողային ֆոնդի մոտ 10% հանդիսանում են բնակավայրի հողերը, իսկ արդյունաբերական հողերը` 12%: Պետական նշանակության գյուղատնտեսական հողահանդակներում մեծ տեսակարար կշիռ ունեն արոտավայրեր` կազմելով համայնքի հողային ֆոնդի 72% (477հա): Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Անիպեմզա
 
Ինդեքս՝ 2903
 
Հեռ` բջջ + 374 093 58 38 14