Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 17.4կմ2

Բնակչություն` 188

 

ardenis.shirak@mta.gov.am
 
Գյուղ Ամասիայի նախկին տարածաշրջանում, Ամասիա գյուղից 17կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 46կմ հեռավորության վրա: Նախկինում մտել է Կարսի մարզի Կարսի օկրուգի մեջ և ունեցել է Գյուլլի, Գյոլլի անվանումները: Արդենիս է վերանվանվել 1991 թ-ին:
Գյուղը գտնվում է Աշոցքի սարավանդում, Ախուրյան գետի վերին հոսանքում` ծովի մակարդակից 2050մ բարձրության վրա: Կլիման ցուրտ լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը զով է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են և մերձալպյան մարգագետինները:  
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-30թթ գաղթել է Արևմտյան Հայաստանի Խնուսի և Բասենի գավառներից: 1896 թ-ին գյուղն ունեցել է 285, 1897 թ-ին` 406, 1926թ-ին` 457, 1939 թ-ին` 595, 1959 թ-ին` 703, 1970 թ-ին` 1072, 1979 թ-ին` 1091 հայ և ադրբեջանցի բնակիչ: 1988-1989թթ հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին տեղի ադրբեջանցիները տեղափոխվել են Ադրբեջանի Հանրապետություն, գյուղում վերաբնակվել են հայ ընտանիքներ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 188 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 57%, կանայք` 43%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 30%, աշխատունակներ` 57%, հետաշխատունակներ` 13%: Ունի 30 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 205հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 401, 190, 787 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ: Զբաղվում են նաև հացահատիկային, կուլտուրաների մշակությամբ:
 Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Արդենիս
 
 
Ինդեքս՝ 2702
 
Հեռ` բջջ  +374 099 48 92 72