Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 35կմ2

Բնակչություն` 19559

artik.shirak@mta.gov.am
 
 

   Ընդհանուր տեղեկություններ Արթիկ քաղաքի վերաբերյալ

 

                Արթիկը Շիրակի մարզի երկրորդ քաղաքն է,որը գտնվում է ՀՀ հյուսիս արևմտյան մասում, ծովի մակերևույթից 1770 մ բարձրության վրա:

1945թ. Արթիկը դարձել է քաղաքային բնակավայր:Նախկինում կրել է Արդիկ,Արդիք,Արթիկ Մեծ  անվանումները:

Պեղումների արդյունքները հավաստում են, որ Արթիկի տարածքը բնակեցված է եղել  մ.թ.ա. 14-րդ դարից:

Արթիկ քաղաքը սահմանակից է Հառիճ, Անուշավան, Նոր Կյանք, Տուֆաշեն, Պեմզաշեն համայնքներին:

Արթիկի վարչական տարածքը  կազմում է 3750 հա, որից  700 հա կառուցապատված է:

Արթիկ քաղաքի հեռավորությունը մայրաքաղաք Երևանից  105 կմ է:

Արթիկ քաղաքի հեռավորությունը մարզկենտրոն Գյումրիից  27 կմ է:

Քաղաքը ներկայումս ունի 19665 բնակչություն:

Արթիկ քաղաքում  գործում են 6 հիմնական, 2 ավագ և մեկ հատուկ դպրոց, մեկ պետական քոլեջ, մեկ բժշկական քոլեջ, 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն: Քաղաքում գործում են նաև երաժշտական, գեղարվեստի դպրոցներ և գեղագիտական դաստիարակության կենտրոն:

Քաղաքն ունի 2 մշակույթի  տուն՝  Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն և Վարազ Սամուելյանի անվան  մշակույթի տուն:

Գործում են 3 մարզադպրոցներ՝ ֆուտբոլի մարզադպրոց, խաղային ձևերի  մարզադպրոց և մենապայքարային ձևերի մարզադպրոց:

Ներկայումս  քաղաքում գործող խոշոր ձեռնարկություններն են տուֆ քար արտադրող հանքերը, <<Տուֆաբլոկների գործարան>> ԲԲԸ,  ապակե տարաների համար մետաղե կաղապարներ արտադրող <<Ստեկլոմաշ>> ԲԲԸ գործարանը, մետաղապլաստե դուռ, լուսամուտ արտադրող հատուկ ձեռնարկություններ և մի քանի միջին ընկերություններ:

Ազգաբնակչության հիմնական զբաղմունքը  գյուղատնտեսությունն է:

Արթիկը Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկն է: Այդ մասին են վկայում քաղաքի տարածքում պահպանված բազմաթիվ մշակութային, նյութական հուշարձանները:

Պահպանված մշակութային կոթողներից են Լմբատավանքի Սբ.Ստեփանոս եկեղեցին /7-րդ դար/  և երկու եկեղեցիներ՝Սբ.Գևորգ/7-րդ դար/  և                               Սբ. Աստվածածին /5-րդ դար/: 

2012թ. Հայրապետական սրբատառ կոնդակով Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքներն առանձնացվեցին  Շիրակի թեմից և հռչակվեցին իբրև նոր՝ Արթիկի թեմ:

Մ.Գրիգորյան <<Արթիկ>> գրականհասարակական տարեգիրք  Նոր Դար, 2004թ.

Գ. Վարդանյան, Շիրակ աշխարհ, 2009թ.          

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի Էրզրում  և  Կարս գավառներից գաղթած հայերը վերաբնակվում են նաև Արթիկում և բնակավայրի համար սկսվում է վերելքի նոր շրջան: 19-րդ դարի երկրորդ կեսին Արթիկն իր բնակչության թվով Արևելյան Հայաստանի մարդաշատ բնակավայրերից էր: 1928թ.-ից սկսվեց տուֆի արդյունահանումը, ինչը պայմանավորեց Արթիկի  հետագա զարգացումը: Կառուցվեց երկաթուղին, հիմնվեցին արդյունաբերական ձեռնարկություններ, լայնամասշտաբ աշխատանքներ ծավալվեցին Արթիկի բարեկարգման, բնակարանաշինության և մշակութային կյանքի կազմակերպման ուղղությամբ:

Արթիկը քաղաքի կարգավիճակ է ստացել 1945թ.-ի օգոստոսի 1-ին: Խորհրդային ժամանակներում Արթիկը եղել է զարգացած արդյունաբերական քաղաք:

Արթիկը բարեկամական կապի մեջ է Ֆրանսիայի Վո Ան Վլեն քաղաքի հետ, որի հրապարակում տեղադրված է Արթիկի վարպետների ձեռքով պատրաստված եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը: Այդ քաղաքի հետ բարեկամական կապերը գործում են  արդեն տասնհինգ տարուց ավելի:

 

 

ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Ազատության 1.
 
 
Ինդեքս՝ 3001
 
Հեռ. + 374  244 5 20 21, Fax  244 5 24 90
Հեռ` բջջ +374 094 104 411