Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 8.6 կմ2

Բնակչություն` 675

Գյուղ Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 14կմ հարավ, մարզկենտրոնից գտնվում է 36կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ղաչաղան, Ուզուն լարա օյուն, Ուզունլար Ներքին, Ուզունլար Նոր անվանումները: Արեւվածագ է վերանվանվել 1976 թ-ին:
Գյուղը տեղադրված է Ձորագետի ստորին հոսանքում, սարավանդի վրա` ծովի մակարդակից 1270մ բարձրության վրա: Ունի վարդագույն ֆելզիտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն: Կլիման բարեխառն լեռնային է, տեւական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում:
Գյուղի արեւմտյան կողմում` Ձորագետի ձախ ափին` բարձր լեռան վրա պահպանվում են հին քարաշեն աշտարակի հիմքերը, որն ունեցել է պաշտպանական նշանակություն: Բացի այդ այստեղ հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են մ.թ.ա. 11-10-րդ դդ դամբարանադաշտ:
1873 թ-ին գյուղն ունեցել է 209, 1914 թ-ին` 550, 1922 թ-ին` 532, 1959 թ-ին` 1029, 1979 թ-ին` 894 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքի բնակչությունը կազմել է 747 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%: Ունի դպրոց, գրադարան, ծննդատուն, մանկապարտեզ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 365հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր, վարելահողեր` կազմելով համապատասխանաբար 303 և 57 հեկտար: Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Զբաղվում են նաեւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծութմյամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: