Համայնքների Ֆինանսիստների Միավորում



Մակերես` 43 կմ2

Բնակչություն` 15700 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

         Քաղաքային համայնք Տավուշի մարզում, Դիլիջանի տարածաշրջանում: Նախկինում մտել է Ելիզավետապոլի նահանգի Ղազախի գավառի մեջ և տարբեր ժամանակներում ունեցել է Դելիժան, Դելիջան, Դիլի, Դիլիջան Հին, Փոքր Տիլի, Տիլիճան անվանումները: Քաղաքային բնակավայր է դարձել 1938 թ-ին: Դիլիջան անվանումը համեմատաբար նոր ժամանակներում է հիշատակվում, թեպետ անհնար է նրա ծագումը վերջնականապես պարզաբանել: Ոմանք նրա ծագումը կապում են ադրբեջաներեն ,,դելի,,` խենթ և ,,ջան,,` հոգի, սիրտ բառերի հետ, իսկ ոմանք էլ կապում են ինչ որ Դիլիջան կոչվող իշխանի  անվան հետ: Ըստ ժողովրդական ստուգաբանության ,,Դիլի  ջանը,, նշանակում է ,,քաղցր լեզու,,: Մեկ այլ տարբերակի համաձայն քաղաքի անվանումը կապում են Դիլի անունով մի մարդու հետ, որին գայլերը հոշոտել են անտառում և նրան որոնող հարազատները երկար ժամանակ ձայնարկել են ,,Դիլի ջան,,:                                                                

Քաղաքը տեղադրված է Աղստև գետի ափին, Հալաբի և Փանբակի լեռնաշղթաների միջլեռնային հովտում` ծովի մակարդակից 1300-1330մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ցուրտ ձյունառատ ձմեռներով և տաք, համեմատաբար խոնավ ամառներով: Հաճախակի են լինում մառախուղները: Հունվարյան միջին ջերմաստիճանը -2 է, հուլիսյանը` 18-20: Տարեկան թափվում են 600-650մմ մթնոլորտային տեղումներ: Քաղաքի միջով հոսում է Աղստևը Դիլիջան և Բլդան վտակներով: Բնական լանդշաֆտները անտառներն են: Դիլիջանի մոտակայքում տարածվող անտառահատվածում ստեղծվել է Հայաստանի արգելանոցներից մեկը` Դիլիջանի ազգային պարկը: Ունի հանքային բուժիչ ջուր, որը ջրառատ աղբյուրների ձևով բխում է Բլդան գետի ձորում: Իր քիմիական բաղադրությամբ նման է ,,Բորժոմի,, և ֆրանսիական ,,Վիշիի,, հանքային աղբյուրներին: Քաղաքի շրջակայքում են գտնվում Պարզ լիճը, Ջուխտակ վանքը, մոտ 15կմ հեռավորության վրա Հաղարծին  վանքային համալիրը:  

Դիլիջանի տեղում հայտնաբերվել են հին բնակատեղիի հետքեր: Հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ: 19-րդ դարում 40-ական թթ այն մտնում է Ելիզավետապոլի նահանգի Ղազախի գավառի մեջ: Այն տարբեր ժամանակներում եղել է գյուղ, գյուղաքաղաք, ավան, որը բաժանված է եղել 2 թաղի` Հին թաղ, որը եղել է զուտ հայաբնակ, և Նոր թաղ, որն եղել է ռուսաբնակ:    1926-1976 թթ ընթացքում Դիլիջանի բնակչությունը աճել է մի քանի անգամ, 1976 թ-ին կազմել է 24056 մարդ: Բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են: Իսկ 19-րդ դարի 40-ական թվականերին այստեղ հաստատվել են աքսորված մոլականներ /աղանդավոր ռուսներ/:

Դիլիջանը հանդիսանում է առողջարանային քաղաք և ունի մի շարք առողջարան-հանգստավայրեր: Դրանցից ամենախոշորը ,,Լեռնային Հայաստան,, առողջարանն է, որը կառուցվել է 1970-ական թվականներին: Դիլիջանում է գտնվում կոմպոզիտորների միության, կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տները:

1.      Հեռավորությունը Երևանից՝ 99 կմ,

մարզկենտրոնից՝ 34 կմ,

ՀՀ պետական սահմանից՝ 52 կմ

2.      Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1330 մ

3.      Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 20C է, ձմռանը` -2C

4.      Պատմամշակութային կոթողներ՝ Հաղարծնի վանքային համալիր

5.      Բնակչության թիվը՝ 15700 մարդ, 4485 ընտանիք

6.      Համայնքի զբաղեցրած տարածքը ՝ 993.96 հա

7.      Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, անասնապահություն, արդյունաբերություն, տրանսպորտ, առևտուր, սպասարկում

8.      Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ որոշ թաղամասեր անբավարար

9.      Գազիֆիկացված է

10. Ճանապարհների վիճակը՝ բավարար
Համայնքն ունի`

1.      Դպրոց՝ Դիլիջանի թիվ 2 – աշակերտների թիվը – 578

Դիլիջանի թիվ 4 – աշակերտների թիվը – 321

Դիլիջանի թիվ 5աշակերտների թիվը – 262

Դիլիջանի թիվ 6 – աշակերտների թիվը – 170

Դիլիջանի ավագ դպրոց /կ.գ.ն. ենթակայությամբ/

2.      Բժշկական կենտրոն

3.      Մշակույթի տուն

4.      Համայնքային կենտրոն 

5.      Երաժշտական դպրոց

6.      Արվեստի դպրոց

7.      Պատկերասրահ

8.      Սպորտդպրոց

9.      6 մանկապարտեզ

10.  Թանգարան