Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 16.39 կմ2

Բնակչություն` 1566

Գյուղը հիմնադրվել է 1860-ական թվականներին: Նրա առաջին բնակիչները եկել են Սպիտակ (նախկին Համամլու) գյուղից, որոնք սերում են Պարսկաստանի Խոյ, Սալմաստ գավառներից եկած գաղթականների սերունդներից։
Գյուղը տեղակայված է Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային թեքության ճյուղավորություններից մեկի հովտում, որտեղով ժամանակին անցել է ռազմավարական նշանակություն ունեցող խճուղային ճանապարհը, որով անցել են առևտրական քարավանները և ռազմական գումակն ու ռազմամթերքը տեղափոխող սայլերը: Այն կառուցվել է ցարական Ռուսաստանի միջոցներով և ղեկավարությամբ, ծառայել է որպես կապի միջոց Թիֆլիս-Երևան անխախտ կապն ապահովելու համար: Այդ ճանապարհի մասին դեռեւս տեղեկություններ են մեզ հասել անգամ 1804-05թթ. ռուս-պարսկական պատերազմում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակներից: Գյուղին տրվել է Լեռնանցք անունը հենց այն պատճառով, որ այս ճանապարհը (Համամլու- Ալագյազ) կտրում-անցնում է Սպիտակը լեռնանցքով, որի բարձրությունը 2115 մետր է: Գյուղի անունը մինչև 1950-ական թթ. Սպիտակ էր, 1950-ական թթ. գյուղի անունը փոխվեց Լեռնանցքի, իսկ Սպիտակ անունը տրվեց Համամլուին:
Հյուսիսային կողմում ձգվում են Բազումի լեռները: Գյուղի միջին բարձրությունը ծովի մակարդակից շուրջ 1700մ է: Գյուղը հարավային, արևելյան եւ արևմտյան կողմերից շրջապատված է լեռներով, որոնք ունեն հյուսիսային թեքության, պատած են ալպիական բուսականությամբ, հարուստ են սառնորակ աղբյուրներով: Դրանց ջրերով գոյանում է առուն, որը հոսում է գյուղի միջով ու հասնում Սպիտակի միջով հոսող Չիչխան գետի, ապա Փամբակ գետի ջրերին: Գյուղը ունի բարեխառն կլիմա, գյուղի տարածքը թեք է, հանդակները կտրված, մշակվում են հիմնականում ցորեն, գարի, խոտաբույսեր, կարտոֆիլ, կաղամբ այլ բանջարեղեններ: Ծառատեսակներից աճում են տանձենի, խնձորենի, սալորենի և այլ մրգեր: Գյուղի կենտրոնում է գտնվում «Սուրբ Մինաս» եկեղեցին, նրա հարևանությամբ բխում է սառնորակ աղբյուր, որը «Ժամի աղբյուր» է կոչվում: Այժմ այն հուշարձան աղբյուրի է վերածվել` նվիրված 1988-ի երկրաշարժի զոհերի ու Ղարաբաղյան ազատամարտում զոհված համագյուղացի ազատամարտիկների հիշատակին:
Գյուղը ունեցել է եկեղեցի կառուցված 1870-ական թ. /զանգակատունը ավելի ուշ` 1910թ./: Եկեղեցին երկրաշարժի հետևանքով ավերվել է և այժմ վերակառուցվել:
Գյուղը երկրաշարժի պատճառով հիմնովին ավերվել է և վերակառուցվում է, ընդ որում Նոր-Լեռնանցքը կառուցվում է գյուղից մոտ 2-2.5 կմ դեպի հյուսիս, Սպիտակ տանող ճանապարհի արևմտյան կողմում` Սպիտակ քաղաքի հարևանությամբ:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ուր սովորում է 215 աշակերտ: Համայնքն ունի մշակույթի տուն և գրադարան, բուժ.կետ որոնք գործում են ժամանակավոր կառույցներում: