Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 12.1կմ2

Բնակչություն` 1001

 hatsik.shirak@mta.gov.am 

Համայնք Գյումրու տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 5-6կմ հեռավորության վրա: Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Հացիկ և Մայիսյան կայարանի գյուղը: Տեղադրված է Վանաձոր-Գյումրի երկաթուղու վրա:
Նախկինում Հացիկ գյուղն ունեցել է Թափառլի, Թեփերլի, Թոփառ, Թոփառլու, Թոփարլու անվանումները: Հացիկ է վերանվանվել 1949 թ-ին: Մայիսյան կայարանի գյուղը հիմնադրվել է որպես երկաթուղային կայարանին կից ավան: Կայարանը կառուցվել է 1898 թ-ին:
Գյուղը տեղադրված է Շիրակի մեղմաթեք դաշտում` ծովի մակարդակից 1650մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Ունի սև տուֆի և ածխի պաշարներ:
Գյուղում եղել են զգալի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Շրջակայքում կան հին եկեղեցի և գերեզմանոց, իսկ Հացիկ գյուղից 1կմ հյուսիս-արևելք գտնվում է գյուղատեղի և սրբավայր:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել է Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից 1829-1830թթ: 1831 թ-ին գյուղն ունեցել է 327, 1897 թ-ին` 864, 1926 թ-ին` 888, 1939 թ-ին` 1068, 1959 թ-ին` 879, 1970 թ-ին` 894, 1979 թ-ին` 820 հայ բնակիչ: 2013 թ-ի հունվարի 1-ի տվյալներով Հացիկն ունեցել է 1001, Մայիսյան կայարանի գյուղը` 63 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2005 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1144 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 19%: Ունի 538 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, մշակոիյթի տուն, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 510հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 145 և 251 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ, որոնք վերամշակվել է Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժի արդյունքում գործարանը հիմնովին ավերվել է և շաքարի ճակնդեղի ցանքերի մակերեսները զգալի կրճատվել են: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Հացիկ
 
 
 
Ինդեքս՝ 2614
 
հեռ. +374 091 069 039