Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 16.4կմ2

Բնակչություն` 510

 

hovit.shirak@mta.gov.am
 
Գյուղ Գյումրու տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 13կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Հանքաշեն, Քյափանակ Փոքր անվանումները: Հովիտ է վերանվանվել 1945 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը գտնվում է Փամբակի լեռնաշղթայի արևմտյան լանջին, բլրապատ հարթավայրում` ծովի մակարդակից 1670մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Շրջակայքում կան բազալտի, տուֆի, պեմզայի պաշարներ, որոնք ունն արդյունաբերական նշանակություն:
Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղից 2կմ հեռավորության վրա հայտնաբերվել են գյուղատեղի, խաչքարեր:
Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի շրջանից, Կարսի մարզից 1829-1830թթ: 1831 թ-ին գյուղն ունեցել է 101, 1897 թ-ին` 608, 1926 թ-ին` 504, 1939 թ-ին` 578, 1959 թ-ին` 543, 1970 թ-ին` 538, 1979 թ-ին` 492 հայ բնակիչ: Հնում այստեղ բնակվել են նաև հույներ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 510 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 28%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 20%: Ունի 111 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 360հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր` կազմելով 833հա: Անտառային հողերը զբաղեցնում են 145հա: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Հովիտ
 
 
Ինդեքս՝ 2619
 
հեռ. +374 094 67 97 63