Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 11.4կմ2

Բնակչություն` 605

 

hovuni.shirak@mta.gov.am
 
Գյուղ Գյումրու տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 13կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Եսաղուլ, Հովնունի, Յասաղուլ, Յասաուլ, Փյունիկ անվանումները: Հովունի է վերանվանվել 1945 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը գտնվում է Շիրակի դաշտում` Ախուրյան գետի աջ ափին` ծովի մակարդակից 1750մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի շրջանից, Կարսի մարզից 1829-1830թթ: 1831 թ-ին գյուղն ունեցել է 332, 1926 թ-ին` 165, 1939 թ-ին` 331, 1959 թ-ին` 412, 1970 թ-ին` 455, 1979 թ-ին` 475 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 605 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 33%, աշխատունակներ` 50%, հետաշխատունակներ` 17%: Ունի 128 տնտեսություն: Ունի դպրոց, մանկապարտեզ, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 371հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 68 և 175 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ, որոնք վերամշակվել է Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժի արդյունքում գործարանը հիմնովին ավերվել է և շաքարի ճակնդեղի ցանքերի մակերեսները զգալի կրճատվել են: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Հովունի
 
 
Ինդեքս՝ 2615
 
Հեռ` +374 094 11 02 15