Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 2.13կմ2

Բնակչություն` 265

  Համայնքը ստեղծվել է 1924թ.-ին` Թումանյան կայարանի բազայի հիման վրա: Գյուղը գտնվում է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի վրա, որի հեռավորությունը մարզկենտրոնից 30կմ է: Համայնքով անցնում է միջպետական նշանակության երկաթուղին: Աշխարհագրական դիրքը լեռնային է: Այն ծովի մակերեւույթից գտնվում է 1050մ բարձրության վրա:
Կլիման բարեխառն է` ամռանը զով, ձմռանը` ցրտաշունչ:
Համայնքը բաղկացած է երկու բնակավայրից, մեկը մյուսից գտնվում է 2 կմ հեռավորության վրա: Մի բնակավայրով հոսում է Փամբակ գետը, իսկ մյուսով` Ձորագետ գետը, որի վրա էլ կառուցված է «Ձորագետի» ՀԷԿ-ը:
Համայնքի ներսում հատվում են այդ երկու գետերը, որտեղից էլ սկիզբ է առնում Դեբետ գետը:
Համայնքում գյուղատնտեսական հողատարածք եւ արոտավայր չլինելու պատճառով չի կարող զարգանալ գյուղատնտեսությունն ու անասնապահությունը:
Գյուղն ունի 8-ամյա դպրոց, որը վերանորոգվել է վերջին տարիներին եւ գտնվում է բարվոք վիճակում, որտեղ սովորում են 33 աշակերտներ:
Համայնքն ունի մշակույթի կենտրոն կիսավթարային վիճակում, որի պատճառով համայնքը զրկվել է հասարակական միջոցառումներից, կինոյից, թատրոնից: Գրադարանը միավորված է մշակույթի կենտրոնի հետ եւ ունի 11182 անուն գիրք: Գյուղում գործում է մեկ բուժկետ, որը գտնվում է շատ անմխիթար վիճակում: Շենքը կառուցվել է 1962թ-ին եւ վերանորոգման կարիք ունի: Բուժ.կետը չունի համապատասխան գույք եւ սարքավորում, ունի մեկ աշխատող: