Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 61.28կմ2

Բնակչություն` 2581

 Համայնք Թալինի տարածաշրջանում , Թալին քաղաքից 7-9 կմ հյուսիս: Մարզկենտրոնից գտնվում է 58 կմ հեռավորության վրա: Համայնքի վարչական տարածքի մեջ է մտնում Մաստարա եւ Ձորագյուղ գյուղերը:

Նախկինում Մաստարան կոչվել է նաեւ Մազդարա, Մասդարա: Գյուղի անվան ծագումնաբանությունը ավանդությամբ կապվում է եկեղեցու կառուցման հետ: Ըստ ավանդության Գրիգոր Լուսավորիչը կեսարիայից բերել է ս. Հովհաննեսի մասունքները եւ մի մասունք թաղել այստեղ, վրան կառուցել եկեղեցի եւ գյուղին տվել Մաստարա անվանումը, որը նշանակում է ՙմասը տարա՚:
Մաստարան հին հայկական գյուղական բնակավայր է: Ըստ 1010 թ-ի արձանագրության Մաստարան պատկանել է Աշոտ II Բագրատունու որդուն` Գագիկ Շահնշահին: 1655-1680 թթ. Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի ժամանակներից դառնում է Էջմիածնի կաթողիկոսական աթոռի կալվածքը: Գտնվել է Երեւան-Ալեքսանդրապոլ արքունական ճանապարհի վրա եւ ունեցել է արքունի իջեւանատուն: 
Գյուղը տեղադրված է Արագածի հարավ-արեւմտյան փեշերին, շրջապատված քարքարոտ լեռնաճյուղերով: Գտնվում է ծովի մակարդակից 1750-1900 մ բարձրությունների վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: Ունի կարմիր եւ գորշ տուֆի պաշարներ, բազալտ, հրաբխային խարամ եւ ավազ: Գյուղի արեւելքով է անցնում Մաստարա սելավը, որը պարբերաբար վնասներ է հասցնում գյուղին:
1828-1829 թթ. այստեղ ապրել է 97 ընտանիք, որոնց մի մասը այստեղ է գաղթել 97 ընտանիք, որից մի մասը այստեղ է գաղթել Արեւմտյան Հայաստանից` Մուշի, Ալաշկերտի, Սասունի, Կարսի շրջաններից: 1831 թ-ին ունեցել է 561, 1897 թ-ին` 1884, 1926 թ-ին` 1428, 1959 թ-ին` 2144, 1979 թ-ին` 2289 բնակիչ: Գյուղի բնակչության թիվը կազմում է 2862 մարդ : Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 28%, աշխատունակ ները` 55%, հետաշխատունակները` 17%: Գյուղն ունի առկա 663 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, կապի հանգույց, բուժկետ:
Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են գլխավորապես որպես արոտավայրեր, վարելահողեր: Քաղաքացիների սեփականությունը կազմում է համայնքի տարածքի մոտ 33%: Պահուստային հողերից արոտավայրերը զբաղեցնում են 1835 հա, մոտ 139 հա` վարելահողեր, խոտհարքեր` 10հա: Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ: 
Արդյունաբերության ոլորտում ունի սարքաշինական արտադրամաս: