Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 40.6կմ2

Բնակչություն` 6943

 

maralik.shirak@mta.gov.am
 
Քաղաքային համայնք Շիրակի մարզում, Մարալիկի տարածաշրջանում, նախկին Անիի վարչական շրջանի կենտրոնը: Սկզբում ստեղծվել է որպես գյուղական բնակավայր, ապա 1926 թ-ից դարձել է քաղաքատիպ ավան: 1995 թ-ի վարչատարածքային ռեֆորմից հետո դասվել է Հայաստանի քաղաքային բնակավայրերի շարքին: Նախկինում ունեցել է Մոլլա, Մոլագյոկա, Մոլլա, Մոլլա Գյոքչա, Մուլլա Կյոքջա անվանումները: Մարալիկ է վերանվանվել 1935 թ-ին: Անվանումը պայմանավորված է քաղաքի մոտակայքում գտնվող Մարալ լեռան անվան հետ:
Քաղաքը տեղադրված է Երևան-Թալին-Գյումրի ավտոմայրուղու վրա և հանդիսանում է երկաթուղային կայարան Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ-Գյումրի երկաթուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 27կմ հեռավորության վրա:
Քաղաքը տեղադրված է Արագածի արևմտյան լանջին, Մարալիկի բլրապատ հարթավայրում` ծովի մակարդակից 1750մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները: Շրջակայքում կան շինարարական ավազի, գորշ և վարդագույն տուֆերի, կավի հանքեր, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն:
Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի արդյունքում:
Մարալիկում պահպանվել է ս. Աստվածածին անունեվ փայտածածկ եկեղեցին, որին կից 1911 թ-ին գործել է դպրոց: Քաղաքից հարավ` բլուրների վրա գտնվում է մատուռ, որը եղել է մշտական ուխտատեղի: Ժողովուրդը այն անվանել է ս. Ստեփանոս վանք և հորինել է ավանդություն: Իբր այստեղ հաճախ մատաղի եկող եղնիկների վանքն ու գյուղը կոչել են Մարալիկ:
Քաղաքի բնակչության նախնիները այստեղ գաղթել են 1828-29թթ Կարսի մարզի Ղզլչախչախ գյուղից, Խնուսի, Բասենի, Ալաշկերտի, Մուշի գավառներից: 1831 թ-ին ունեցել է 971, 1897 թ-ին` 1302, 1926 թ-ին` 1646, 1939 թ-ին` 1882, 1959 թ-ին` 2177, 1980 թ-ին` 4443 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 6943 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 43%, կանայք` 57%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 28%, աշխատունակներ` 56%, հետաշխատունակներ` 16%: Ունի երկու միջնակարգ, երժշտական, մարզական դպրոցներ, երկու գրադարան, երկու մանկապարտեզ, մշակույթի տուն, հիվանդանոց, պոլիկլինիկա, բուժկետ, կապի հանգույց:  
Քաղաքում կան մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ: Այստեղ են գտնվում բամբակագործվածքային ֆաբրիկան, հիդրոսարքավորումների և էլեկտրասարքավորումների արտադրամաս: Ունի շինարարական իրերի և շինանյութերի արտադրամաս, որոնք զբաղվում են որմնաքարերի արտադրությամբ: Ունի պանրի գործարան:
Քաղաքի հողային ֆոնդի մոտ 5% օգտագործվում են որպես բնակելի հողեր և տնամերձ հողեր: Որպես գյուղատնտեսական նշանակության հողեր օգտագործվում են պետական նշանակության հողերը: Հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (1810հա), խոտհարքերը (990հա): Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ արդյունաբերական ձեռնարկությունների հզորացումը, որը կկանխարգելի մեծ մասշտաբների հասնող արտագաղթը: Կարևորվում է դպրոցի և դպրոցական գույքի վերանորոգումը, ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, ներքաղաքային ճանապարհների վերանորոգումը, փողոցների գիշերային լուսավորության հարցը: Առաջնային են համարվում նաև մշակութային կոթողների վերանորոգումը, գազաֆիկացումը:
 
 
ՀՀ Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Մադաթյան 1.
 
 
Ինդեքս՝ 2901
 
Հեռ. + 374 242 2 22 37, fax 242 2 24 00