Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 28.95կմ2

Բնակչություն` 1122

 Գյուղ Արագածի տարածաշրջանում, Ապարանից մոտ 20 կմ հյուսիս-արեւելք: Մարզկենտրոնից գտնվում է 40 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Մելիք, Մելիքի գյուղ, Մելիքյանդի, Մելիքենդ անվանումները: Մելիքգյուղ է վերանվանվել 1946 թ-ին: 

Գյուղի շրջակայքում են գտնվում Մեծ ու Փոքր Ջամուշլու գյուղատեղիները, որոնք, ըստ ավանդության, եղել են Էմիածնի ամառանոցը: Գյուղի տարածքում է գտնվում ս. Հովհաննես եկեղեցին` կառուցված 19-րդ դարում:
Գյուղը տեղադրված է Ծաղկունյաց լեռների հարավային լանջերին: Գտնվում է ծովի մակարդակից 2080 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 
1831 թ-ին ունեցել է 309, 1897 թ-ին` 844, 1926 թ-ին` 1120 ,1939 թ-ին` 1379, 1959 թ-ին` 867, 1979 թ-ին` 862 բնակիչ: 1912 թ-ից գործել է երկդասյա դպրոց: Գյուղի բնակչության թիվը կազմում է 1153 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 51%, կանայք` 49%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 33%, աշխատունակ ները` 54%, հետաշխատունակները` 13%: Գյուղն ունի առկա 368 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց:
Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են գլխավորապես որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Քաղաքացիների սեփականությունը կազմում է համայնքի տարածքի մոտ 20%: Պահուստային հողերից արոտավայրերը զբաղեցնում են 1019 հա, մոտ 90 հա` վարելահողեր, խոտհարքեր` 70հա: Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ:
Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ: 
Ունի արդյունաբերական ձեռնարկություն, որը զբաղվում է բնական ադամանդի վերամշակմամբ: 
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: