Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 10.82կմ2

Բնակչություն` 526

 Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 8 կմ հյուսիս-արեւելք: Մարզկենտրոնից գտնվում է 57 կմ հեռավորության վրա:Նախկինում ունեցել է Խուլդարվիշ, Կուլդարվիշ, Կուլդերվիշ, Ղուլտերվիշ անվանումները: Ոսկեթաս է վերանվանվել 1935 թ-ին:

Գյուղը տեղադրված է Արագածի քարքարոտ հարավ-արեւմտյան լանջին: Գտնվում է ծովի մակարդակից 2050 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 
Հարուստ է սառնորակ աղբյուրներով: 
1831 թ-ին գյուղն ունեցել է 95, 1897 թ-ին` 261, 1939 թ-ին` 541, 1959 թ-իրն` 571, 1979 թ-ին` 590, 1989 թ-ին` 422 հայ բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 598 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք` 52%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 36%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 48%, հետաշխատունակները` 16%: Գյուղն ունի 163 տնտեսություն: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 63%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 586հա, ապա վարելահողերը` 107հա: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: