Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 5.3կմ2

Բնակչություն` 995

 Գյուղ Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքից մոտ 5 կմ հարավ-արեւմուտք: Նախկինում ունեցել է Բադռինճ, Բաթռինճ, Բաթռինջ, Պատրինյակ, Փաթռինջ անվանումները: Ոսկեհատ է վերանվանվել 1949 թ-ին: 

Հնում եղել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ եւ 15-րդ դարից սկսած երկար ժամանակ պատկանել է Էջմիածնի վանքին: Որոշ ժամանակ եղել է Կաթողիկոսական ամառանոց:
Գյուղի արեւմուտքում պահպանվում են ամրոցի ավերակներ եւ սրբատաշ քարերով 14- րդ դարում կառուցված եկեղեցու մնացորդներ: 
Գյուղը տեղադրված է Ամբերդ գետի ստորին հոսանքում: Գտնվում է ծովի մակարդակից 1025 մ բարձրության վրա: Կլիման մերձարեւադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26-ի սահմաններում , հունվարյանը` -4 է: Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում ձեւափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների: 
1831 թ-ին գյուղն ունեցել է 51, 1897 թ-ին` 463, 1939 թ-ին` 388, 1959 թ-ին` 549, 1979 թ-ին` 761, 1989 թ-ին` 892 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 1037 մարդ: Կանայք եւ տղամարդիկ ունեն նույն համամասնությունը` կազմելով 50-ական տոկոս: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 23%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 65%, հետաշխատունակները` 12%: Գյուղն ունի 311 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց, բուժկետ: 
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 57%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 190հա, ապա վարելահողերը` 27 հա, մոտ 1 հա զբաղեցնում են պտղատու այգիները: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի: