Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 15.6կմ2

Բնակչություն` 1328

 Գյուղ Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքից 3 կմ հյուսիս: Ընկած է Աշտարակ-Ապարան ավտոմայրուղուց ձախ կողմում: 

Տեղադրված է Արագած լեռնազանգվածի հարավ-արեւելյան լանջերին, սարահարթի վրա: Գտնվում է ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է: Ձմեռները ցուրտ են, հաստատուն ձնածածկույթով: Ամառները շոգ են: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 23-25-ի սահմաններում, հունվարյանը` -4,-5-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 400-450 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են: 
Գյուղը հիշատակվում է դեռ վաղ միջնադարից: Ըստ ավանդության Նոյն իր ընտանիքով Մասիսի գագաթից իջնելուց հետո տեսնում է, որ աշխարհը ցամաքում է եւ դրա վերջին ապացույցը երեւացող այս վայրն է լինում: 
Ուշիից 1.5 կմ արեւմուտք , բարձրադիր վայրում գտնվում է Ուշիի վանքը եւ հնավայրը: Ուշիի վանքը հիշատակվում է նաեւ որպես Հուշո վանք, ս. Սարգիս անուններով: Ըստ Ղեւոնդ Ալիշանի Մ. Մաշտոցը հիմնադրել է այս վանքը եւ այնտեղ թաղել ս. Սարգիսի մասունքը: 
Այժմյան բնակչության նախնիների մեծ մասը Արեւմտյան Հայաստանի տարբեր շրջաններից` Ռշտունիկ, Խութի, Մուշի եւ Կարսի շրջաններից գաղթածներն են: 1831 թ-ին ունեցել է 167, 1897 թ-ին` 1249, 1959 թ-ին` 780, 1979 թ-ին` 1004, 1989 թ-ին` 1246 բնակիչ: Գյուղի բնակչության թիվը կազմում է 1435 մարդ : Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 30%, աշխատունակները` 43%, հետաշխատունակները` 27%: Գյուղն ունի առկա 500 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, պտղատու այգիներ, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ: Գգյուղացիների սեփականաշնորհված հողերը ըստ նշանակության բաշխված են հետեւյալ կերպ. վարելահողեր` 161 հա, պտղատու այգիներ` 30 հա: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 72%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 990 հա, վարելահողերը զբաղեցնում են 55հա, խոտհարքերը` 26հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: