Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 6.9կմ2

Բնակչություն` 274

 Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 12 կմ հարավ-արեւելք: Մարզկենտրոնից գտնվում է 38 կմ հեռավորության վրա: Նախկին Պարտիզակ գյուղը 1960-ական թթ. ձուլվել է Կաքավաձոր գյուղին եւ ունեցել է Բախչաջըղ, Բախչաջուղ, Բախչաջիկ, Պախճաճուղ անվանումները: Հետագայում 1984 թ-ին Ներքին Բազմաբերդի անասնաբուծական տնտեսության տեղամասին կից բնակավայրը կոչվել է Պարտիզակ եւ 1995 թ-ից դասվել է ՀՀ գյուղերի շարքը: 

Գյուղը տեղադրված է քարքարոտ սարավանդի վրա: Գտնվում է ծովի մակարդակից 1175 մ բարձրության վրա: Կլիման մերձարեւադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26-ի սահմաններում , հունվարյանը` -4 է: Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում ձեւափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների: 
Նախկին Պարտիզակը 1831 թ-ին ունեցել է 10, 1897 թ-ին` 140, 1926 թ-ին` 129, 1939 թ-ին` 211, 1959 թ-ին` 224 հայ բնակիչ: Հետագայում տեղի բնակիչների մի մասը տեղափոխվել է հարակից գյուղեր: Նոր բնակավայրը նախատեսված է եղել 600 տնտեսության համար եւ 1989 թ-ին ունեցել է 303 բնակիչ: Ազգային կազմը միատարր չէ: Համայնքի բնակչությունը կազմում է 334 մարդ, որից 49% տղամարդիկ են, 51%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 22%, աշխատունակները` 65%, հետաշխատունակները` 13%: Գյուղն ունի 56 տնտեսություն:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 70%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 384հա, ապա վարելահողերը` 80հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: