Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 23կմ2

Բնակչություն` 2989

 

pemzashen.shirak@mta.gov.am

Գյուղ Արթիկի տարածաշրջանում, Արթիկ քաղաքից 5-6կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 26կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Կարմիրքենդ, Մածմուջու, Մախմուջուխ, Մահիուջուկ, Մահմուղջուկ, Մահմուտճուղ, Մայմուջուղ անվանումները: Պեմզաշեն է վերանվանվել 1940 թ-ին: 1958 թ-ից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1995 թ-ի վարչատարածքային ռեֆորմից հետո դասվում է գյուղական բնակավայրերի շարքին:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        
Գյուղը տեղադրված է Արագածի արևմտյան ստորոտում` ծովի մակարդակից 1800մ բարձրության վրա: Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 450-500մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են: Ունի հրաբխային խարամ, վարդագույն և կարմիր տուֆի պաշարներ, որոնք շահագործվում են:  
Պեմզաշենի շրջակայքում կան շատ հուշարձաններ: Պահպանվել են բազիլիկ եկեղեցու (5-րդ դար), խաչաձև գմբեթավոր եկեղեցու (6-րդ դար) հիմնապատերը: Դեպի Լեռնակերտ տանող ճանապարհին գտնվում են Մակարավանքի ս. Սիոն եկեղեցին, Առաքելոց վանքի եկեղեցին, Աբլղարիբ Պահլավունու մահարձանը: Գյուղից հարավ-արևելք պահպանվել են միջնադարյան բերդի պարիսպների հետքեր:  
Բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, բասենի, Մուշի շրջաններից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 191, 1897 թ-ին` 1496, 1926 թ-ին` 1331, 1939 թ-ին`1757, 1959 թ-ին` 3599, 1989 թ-ին`3384 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 2989 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 44%, կանայք` 56%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 25%, աշխատունակներ` 49 %, հետաշխատունակներ` 26%: Ունի 329 տնտեսություն: Ունի 2միջնակարգ դպրոց, 2 մանկապարտեզ, գրադարան, բուժկետ, հիվանդանոց, կապի հանգույց:  
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 563հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 88 և 716 հեկտար: Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ: Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Զբաղվում են բնական շինանյութերի արդյունահանմամբ: Ունի կարի ֆաբրիկա, ջրատեխնիկական սարքավորումների արտադրամաս:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Պեմզաշեն

Ինդեքս՝ 3020

Հեռ` +374 077 11 11 45