Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 11.76կմ2

Բնակչություն` 264

 Գյուղ Արագածի տարածաշրջանում, Երեւան-Սպիտակ ավտոմայրուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 48 կմ հեռավորության վրա: Նախկինում մտել է Երեւանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ, ունեցել է Թամբ, Պամբ, Պամբակ, Պամբ, Փամբակ, Փամբ Քրդի անվանումները: Սիփան է վերանվանվել 1978 թ-ին: 

Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերին: Գտնվում է ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 
Գյուղում տարբեր ժամանակերում տարբեր է եղել ազգային կազմի համամասնությունը: Ներկայումս էլ մեծ բաժին ունեն քրդերը (եզդիները), որոնք տեղափոխվել են Արեւմտյան Հայաստանից եւ Կարսի մարզից: 1873 թ-ին գյուղն ունեցել է 292, 1897 թ-ին` 382, 1939 թ-ին` 443, 1959 թ-ին` 350, 1979 թ-ին` 473, 1989 թ-ին` 391 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 324 մարդ, որից 48% տղամարդիկ են, 52%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 40%, աշխատունակները` 51%, հետաշխատունակները` 9%: Գյուղն ունի 48 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: 
Տնտեսության մասնագիտացման ճյուղը մսաբրդատու անասնապահությունն է: Զբաղվում են մանր եղջերավոր անասնաբուծությամբ: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 70%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 358հա եւ վարելահողերը` 44 հա: 
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: