Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 15.36կմ2

Բնակչություն` 182

 Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից մոտ 13-14 կմ հյուսիս-արեւմուտք: Մարզկենտրոնից գտնվում է 62 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Զեռբա, Զոռբա, Զոռբա Հին, Զոռբա Նոր անվանումները: Սորիկ է վերանվանվել 1935 թ-ին: 

Տեղադրված է քարքարոտ վայրում, գյուղի մոտակայքում գտնվում է համանուն լեռը: Ծովի մակարդակից ունի 1500 մ բարձրություն: Կլիման չափավոր ցամաքային է: Ձմեռները ցուրտ են, հաստատուն ձնածածկույթով: Ամառները շոգ են: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 23-25-ի սահմաններում, հունվարյանը` -4,-5-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 400-450 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են: 
1873 թ-ին գյուղն ունեցել է 39, 1897 թ-ին` 142, 1931 թ-ին` 142, 1939 թ-ին` 508, 1959 թ-ին` 241, 1979 թ-ին` 269, 1989 թ-ին` 334 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 360 մարդ, որից 48% տղամարդիկ են, 52%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 44%, աշխատունակները` 44%, հետաշխատունակները` 12%: Գյուղն ունի 23 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 72%, որոնց մեջ մեծ է արոտավայրերի տեսակարար կշիռը` 693հա, վարելահողերը կազմում են 112հա, խոտհարքերը` 23հա: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: