Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 8.6կմ2

Բնակչություն` 1531

 

spandaryan.shirak@mta.gov.am

Գյուղ Արթիկի տարածաշրջանում, Արթիկ քաղաքից 6կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 22կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գուլիճան, Կուլիջան, Քյուլլիջա, Քյուլլուջա անվանումները:Սպանդարյան է վերանվանվել 1946 թ-ին:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       
Գյուղը տեղադրված է Մանթաշ գետի աջափնյա սարահարթում` ծովի մակարդակից 1830մ բարձրության վրա: Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 450-500մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են: Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր: Ունի բազալտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն:
Գյուղը մասամբ տուժել է 1988թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղի մոտակա ժայռի վրա գտնվել է Արգիշտի 1-ինի սեպագիր արձանագրությունը, որի մեջ հիշատակված երկրի անունից էլ առաջացել է Սպանդարյանի Կուլիջան և Կուլիաինի անվանումները:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի շրջանից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 65, 1897 թ-ին` 632, 1926 թ-ին` 816, 1939 թ-ին` 856, 1959 թ-ին` 873, 1979 թ-ին` 1118, 1989 թ-ին` 1446 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1531 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք` 54%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 31%, աշխատունակներ` 48%, հետաշխատունակներ` 21%: Ունի 275 տնտեսություն: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է:Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 364հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար81 և 215 հեկտար: Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ: Մինչև Սպիտակի երկրաշարժից շաքարի գործարանի փլուզումը, համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 

ՀՀ Շիրակի մարզ, գ. Սպանդարյան

Ինդեքս՝ 3023

Հեռ` +374 094 92 78 75