Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 25.1կմ2

Բնակչություն` 105000

Վանաձոր համայնքի վեբ կայք՝ http://www.vanadzor.am/

Քաղաքային համայնք Լոռվա մարզում, 1995 թ-ի վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է Լոռվա մարզի մարզկենտրոնը: Տեղադրված է Գյումրի-Վանաձոր երկաթուղու վրա, Սպիտակ-Վանաձոր ավտոմայրուղուց աջ: Երեւան քաղաքից գտնվում է կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գարագիլիսե, Կարաքիլիսա, Կարաքլես, Ղարաքիլիսա Մեծ, Ղարաքլիս, Մարտունական, Մարտունաշեն, Կիրովական անվանումները: 1935 թ-ին Ղարաքիլիսան  վերանվանվել է Կիրովական ի հիշատակ բոլշեւիկ-հեղափոխական գործիչ Կիրովի:
Վանաձոր է վերանվանվել 1991 թ-ին:
Քաղաքը տեղադրված է Փամբակ գետի նեղ հովտում, որտեղ վերջինիս մեջ է թափվում Տանձուտ գետը: Քաղաքը հյուսիսից շրջապատված է Փամբակի լեռնաշղթայի եւ Բազումի լեռնաշղթայի լանջերով: Կլիման մեղմ է, բարեխառն, խոնավությունը` բավարար: Ձմեռը համեմատաբար տաք է, կայուն ձյունածածկով, ամառը տաք է: Տարեկան թափվում են 650մմ մթնոլորտային տեղումներ: Ոռոգման եւ խմելու նպատակով օգտագործվում են Փամբակ, Վանաձոր եւ Տանձուտ գետերի ջրերը: Ունի ստորերկրյա ջրերի պաշարներ: Քաղաքից հարավ կան անտառի պաշարներ: Շրջակայքում կան բնական շինանյութերի` բազալտի, տուֆի, գիպսի, կավի, շինարարական ավազի, ծծմբարջասպի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն:
Քաղաքում եւ նրա շրջակայքում կան նյութական մշակույթի բազմազան նմուշներ, որոնք պահպնվում են Լոռի-Փամբակ գավառագիտական թանգարանում: Քաղաքում է բգտնվում Ստեփան Զորյանի տուն-թանգարանը: Ունի բուսաբանական այգի:
Վանաձորի տարածքը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակատեղիներից է եղել: Այստեղ Թագավորանիստ եւ մաշտոցի բլուր կոչվող վայրերում հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան մշակույթի հետքեր, որոնք վերաբեչում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակին: Այն մտել է Մեծ Հայքի Գուգարք աշխարհի մեջ: Հետագայում այստեղ իշխել են Բագրատունիները եւ Արշակունիները, իսկ 10-րդ դարից` Կյուրիկյան ֆեոդալական թագավորությունը: Սելջուկ թուրքերի, թաթար մոնղոլների արշավանքների ժամանակ որպես բնակավայր կոչվել է Ղարաքիլիսա, այսինքն սեւ եկեղեցի: Վանաձորում կան երկու եկեղեցիներ` հայկական ս. Աստվածածին` կառուցված սեւ քարով, որտեղից էլ կոչվել է Ղարաքիլիսա, մյուսը` ռուսական, որը կառուցվել է 1895 թ-ին:
Քաղաքի բնակչության մի մասը 19-րդ դարում տեղափոխվել են Երեւանի նահանգից: 1831 թ-ին ունեցել է 494, 1873 թ-ին` 2017, 1897 թ-ին` 3917, 1926 թ-ին` 8640, 1939 թ-ին` 17607, 1959 թ-ին` 49423, 1980 թ-ին` 148876 բնակիչ: Բնակչության ազգային կազմը միատար չէ, այստեղ կան ռուսներ, ուկրաինացիներ: Ըստ ազագյին վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին քաղաքն ունեցել է 105.7 հազար բնակիչ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 45%, կանայք` 55%: Բնակչության տարիքային խմբերը բաշխված են հետեւյալ կերպ. մինչաշխատունակներ` 22%, աշխատունակներ` 62%, հետաշխատունակներ` 16%: Քաղաքում կան 30 հանրակրթական դպրոց, երաժշտական, նկարչական դպրոցներ, գրադարաններ, թատրոն, կինոթատրոն, սպորտդպրոց, մարզադաշտ, մարզահրապարակ, Երեւանի մանկավարժական համալսարանի մասնաճյուղը: Քաղաքն ունի նաեւ □Վանաձոր□ առողջարանը: Այստեղ կան հիվանդանոցներ, պոլիկլինիկա, հիգենիկ հակահամաճարակային տեսչության կենտրոն:
Քաղաքն ունի զարգացած հզոր արդյունաբերություն: Տնտեսությունը արագ զարգացել է 20-րդ դարի 40-ական թթ-ից` Ձորագետի ջրաէլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիայի շնորհիվ: Այդ տարիներին սկսել են զարգանալ տնտեսության նոր ճյուղերը եւ կառուցվել են մեքենաշինական, քիմիական արդյունաբերության, թեթեւ եւ սննդի արդյունաբերության խոշոր ձեռնարկություններ: Քաղաքում 1961 թ-ին կառուցվել է Վանաձորի ջերմաէլեկտրակայանը, որի արտադրանքը ապահովում է ոչ միայն քաղաքի եւ մարզի մի շարք բնակավայրերի էներգետիկ պահանջները: Ունի մետաղահատ հաստոցների, մեխանիկական, էլեկտրական սարքավորումների գործարաններ, կարի, տրիկոտաժի, կոշիկի, կահույքի ֆաբրիկաներ, մսի, հացի, կաթի եւ կաթնամթերքի, պահածոների գործարաններ, երկաթբետոնյա կոնստրուկցիաների, շինարարական իրերի արտադրություններ: Քաղաքի դերը երկրի համար կարեւորվում է հատկապես քիմիական տարբեր ապրանքատեսակների արտադրության մեջ: Այստեղ արտադրվում են քիմիական մանրաթել, ազոտաթթու,կալցիումի կարբիդ, մելամին եւ այլն: 1996 թ-ին հիմնադրվել է թանկարժեք քարերի մշակման համար նախատեսված հաստոցների եւ սարքավորումների արտադրությունը:
Համայնքի հողային ֆոնդի մոտ 12% հանդիսանում է քաղաքացիների սեփականությունը, 43%` բնակավայրի եւ տնամերձ հողերը: Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը եւ խոտհարքերը` համապատասխանաբար կազմելով 100 եւ 200 հեկտար: Պետական նշանակության հողերն գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր (354հա), կան նաեւ խոտհարքեր (111հա), վաելահողեր (27հա), պտղատու այգիներ (10հա): Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի եւ դպրոցական գույքի վերանորոգումը, ոռոգման եւ խմելու ջրի ջրագծերի, ներքաղաքային ճանապարհների վերանորոգումը, փողոցների գիշերային լուսավորության հարցը: Առաջնային են համարվում նաեւ մշակութային կոթողների վերանորոգումը, գազաֆիկացումը: