Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 15.884կմ2

Բնակչություն` 1379

Տնային տնտեսությունների թիվը` 440։ Այս գյուղի պատմությունը սկսվում է 18-րդ դարի 60-ական թվականներից: Այն գտնվում է Լոռու մարզի նախկին Ստեփանավանի տարածաշրջանում՝ մարզկենտրոնից 31 կմ հեռավորության վրա: Անվան ծագումը կապվում է վարդազգիների առատության հետ:
Գյուղի վարչական տարածքում պահպանվել են VI-րդ դարի Ջգրաշեն միանավ թաղածածկ եկեղեցին, որի սրբատաշ բազալտից կառուցված պատերը բարձրանում են երկաստիճան որմնախարսխի վրա։ Ծածկը չի պահպանվել։ Եկեղեցին ունի երեք մուտք՝ երկայնական պատերում և արևմուտքում։ Հարավային պատի արևելյան կողմի լուսամուտի պարակալին քանդակված են խաղողի որթի գալարների միջև եռաթերթ և բազմաթերթ տերևներ։ Արտաքին պատերում պահպանվել են բազալտից պահունակներ (սրահի ծածկը կրելու համար), որոնցից մի քանիսն ունեն կենդանակերպ քանդակներ (խոյի գլուխ, եղջերու, ոչխարի ոճավորված գլուխ)։ Պահունակների այսպիսի քանդակազարդումը բացառիկ է վաղ միջնադարի Հայաստանի շինություններում: Ջգրաշենի հարդարանքը մեծ արժեք ունի V-VIIդդ. հայ ճարտարապետության զարդաքանդակների պատմության համար։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են նաև XII-րդ դարի մատուռներ, X-XIդ.դ ամրոց, XI-XVIIդ.դ. գերեզմանոց խաչքարերով: Գյուղի տարածքում է գտնվում 1860թ. կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը համայնքի ուժերով նորոգվել է 2000թ.:
Ծովի մարերեւույթից 1320մ բարձրության վրա է: Բնակչությունը 100%-ով ապահովված է խմելու ջրով, 65%-ով՝ բնական գազով:
Գյուղի կլիման ձմռանը մեղմ է, ամռանը՝ զով: Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում են ցորենի և կարտոֆիլի արտադրությամբ, անասնապահությամբ: Ոռոգման ջրի ոչ բարվոք վիճակը թույլ չի տալիս ստանալ մշակաբույսերի բարձր բերք: Գյուղն ունի դպրոց, որը կառուցվել է 1996-97թ.թ., ուր սովորում են 165 աշակերտ:
Համայնքն ունի մշակույթի տուն, որը 2000թ. հիմնովին նորոգվել է, ունի կահավորված համերգային դահլիճ՝ 170 նստատեղով, խաղասենյակ: Գյուղապետարանի հովանավորությամբ գյուղում գործում է ժամանակակից պարերի խումբ, որի սաները մի շարք փառատոններում հաղթող են դարձել:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կաևորվում են ջրամատակարարման ցանցի վերանորոգումը, մանկապարտեզի կահավորումը, ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը, ոռոգման ջրագծի կառուցում: