Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 14.15կմ2

Բնակչություն` 90

 Գյուղ Աշտարակի շրջանում, Աշտարակ քաղաքից 11 կմ հյուսիս-արեւմուտք: Նախկինում ունեցել է Դգիր, Դըղըր, Դիղիր, Տեխեր անվանումները: Տեղեր է վերանվանվել 1946 թ-ին: 

Տեղերը բազմիցս հիշատակված է միջնադարյան հայկական աղբյուրներում եւ վիմական արձանագրություններում: Նշանավոր է Տեղերի վանքը` կառուցված 13-րդ դարում: Վանքի մեջ են մտնում ս. Աստվածածին եւ ս. Խաչ եկեղեցիները: Վանքի արձանագրություններից մեկի վկայությամբ կառուցվել է իշխան Վաչե Վաչուտյանի կնոջ` Մամախաթունի հանձնարարությամբ, կառուցված է 12-13-րդ դարերում գորշ մոխրագույն բազալտից: Տեղեր եւ Ձորափ գետերի միջեւ գտնվում է նաեւ Տեղեր հնավայրը, որը վերաբերվում է բրոնզի եւ վաղ երկաթի դարերին: 
Գտնվում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 18-20-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 
Գյուղն 1837 թ-ին ունեցել է 35, 1873 թ-ին` 364, 1926 թ-ին` 408, 1939 թ-ին` 655, 1959 թ-ին` 554 բնակիչ: Գյուղի բնակչության թիվը կազմում է 262 մարդ : Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 42%, կանայք` 58%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 17%, աշխատունակները` 63%, հետաշխատունակները` 20%: Գյուղն ունի առկա 117տնտեսություն: Ունի բուժկետ, կապի հանգույց դպրոց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Գյուղացիների սեփականություն հանդիսացող հողահանդակները գրեթե ամբողջովին օգտագործվում են որպես խոտհարքեր` կազմելով մոտ 82 հա: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողահանդակներն օգտագործվում են որպես արոտավայրեր, կազմելով 1064 հա: 
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: