Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 11.7կմ2

Բնակչություն` 404

 

Գյուղ Արթիկի տարածաշրջանում, Արթիկ քաղաքից 4կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 26կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Արմըդլու, Արմտլի, Արմուդլու անվանումները: Տուֆաշեն է վերանվանվել 1946 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը գտնվում է ալիքավոր հարթավայրում` ծովի մակարդակից 1700մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Ունի հզոր տուֆի հանքավայրր, որոնք գնահատվում են գործնականում որպես անսպառ պաշարներ:
Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղի տարածքում գտնվում է Թուխ Մանուկ մատուռը:
Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Մուշի շրջաններից 1829-1830թթ: 1831 թ-ին գյուղն ունեցել է 114, 1897 թ-ին` 617, 1926 թ-ին` 575, 1939 թ-ին` 608, 1959 թ-ին` 627, 1970 թ-ին` 570, 1979 թ-ին` 442, 1989 թ-ին` 588 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 404 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 51%, կանայք` 49%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 20%: Ունի 104 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան , բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 462հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 118 և 366 հեկտար: Գյուղատնտեության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, պտուղների մշակությամբ: Զբաղվում են խոշոր եղջերավոր անանապահությամբ` կաթնամսատու ուղղությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Տուֆաշեն

tufashen.shirak@mta.gov.am

Ինդեքս՝ 3025

Հեռ` +374 093 27 54 71