Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 11.3կմ2

Բնակչություն` 221

 

poqrsariar.shirak@mta.gov.am

Գյուղ Աշոցքի տարածաշրջանում, Աշոցք գյուղից 14կմ հարավ-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 30կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Սայրիար Փոքր, Սարալ, Սարըյար, Սարիալ Փոքր, Սարիյար Փոքր, Սարյար Փոքր անվանումները:
Գյուղը գտնվում է Բազումի լեռնաշղթայի արևմտյան լանջին, մեղմաթեք սարավանդում` ծովի մակարդակից 1970մ բարձրության վրա: Կիման ցուրտ լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը զով է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են և մերձալպյան մարգագետինները:
Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-30թթ գաղթել է Արևմտյան Հայաստանի Բասենի գավառից, Կարսի մարզից: 1873 թ-ին գյուղն ունեցել է 280, 1897 թ-ին` 384, 1926թ-ին` 255, 1939 թ-ին` 510, 1959 թ-ին` 387, 1970 թ-ին` 377, 1979 թ-ին` 283, 1989 թ-ին` 169 հայ բնակիչ: Գյուղում բնակվել են նաև ադրբեջանցիներ, որոնք 1988-1989թթ տեղափոխվել են Ադրբեջանի Հանրապետություն: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 221 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 30%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 19%: Ունի 53 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (229հա), խոտհարքերը (60հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 65 և 644 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Փոքր Սարիար

Ինդեքս՝ 2809

Հեռ` +374 093  96 40 14